Լորենու ծաղիկներով թրջոցը վերացնում է գլխացավը
Ժողովրդական բժշկության մեջ ամենահին եւ ամենատարածված միջոցներից է լորենու ծաղիկը: Տարբեր ազգերի ժողովուրդների մեջ լորենու ծաղիկների եփուկը եւ ջրաթուրմը օգտագործվում են որպես քրտնամուղ, միզամուղ, հակաբորբոքիչ, ցավը հանգստացնող միջոց, նյարդային որոշ հիվանդությունների, միզուղիների քարային դիաթեզի ժամանակ եւ այլն: Թուրմը, որպես մանրէասպան միջոց, ողողումների ձեւով դրականորեն է ազդում բերանի խոռոչի բորբոքումների եւ անգինայի ժամանակ: Ծաղիկների, տերեւների կամ կեղեւի եփուկը թրջոցների ձեւով օգտագործվում է այրվածքների, խոցերի, ռեւմատիկ եւ պոդագրիկ հոդաբորբերի ժամանակ: Նույն նպատակով օգտագործվում է տրորված թարմ բողբոջների եփուկը, իսկ թարմ տերեւները մտցնելով եռման ջրի մեջ, անմիջապես հանում եւ դնում են գլխի ցավոտ մասի վրա: Միզուղիների բորբոքման ժամանակ դեղաբույսի պատրաստուկները ի հայտ են բերում ոչ միայն միզամուղ, այլեւ հակաբորբոքիչ եւ միզարձակումը կանոնավորող հատկություն:
Գերմանիայում ծաղիկներն օգտագործում են որպես քրտնամուղ, կոկորդը ողողելու եւ լոգանքաջրին բուրմունք տալու միջոց, իսկ բնափայտի ածուխը՝ լուծի, աղիքների բորբոքումների եւ որոշ թունավորումների ժամանակ:
Կարդացեք նաև
Լեհաստանում լորենու պատրաստուկները կիրառվում են վերին շնչուղիների հիվանդությունների, անգինայի, նեւրալգիաների, գլխացավերի, իսկ արտաքին՝ հոդային ռեւմատիզմի եւ մազաթափության համար:
Ռուսական ժողովրդական բժշկության մեջ լորենին լայն կիրառում ունի նաեւ ստամոքսային կծկողական ցավերի եւ միզաքարային հիվանդության ժամանակ:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ լորենու ծաղիկները օգտագործվում են նաեւ թոքաբորբերի ժամանակ: Ժողովրդի մեջ մեծ տարածում ունի լորենու ծաղիկներից պատրաստվող թեյը՝ որպես հիանալի բուժամիջոց: Այն թոքերը մաքրում է խորխից, դրական ազդեցություն ունենում թոքերի մի շարք քրոնիկ հիվանդությունների ընթացքի վրա: Թեյի պարբերաբար օգտագործումը լավացնում է սակավարյունությամբ տառապող հիվանդների արյան պատկերը:
Ծաղիկներից ջրաթուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում թրմել 20 րոպե, քամել եւ ըմպել տաք վիճակում՝ օրական 2-3 անգամ: Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 20 գրամ հումքը 1 բաժակ եռման ջրում եփել 10 րոպե, քամել եւ ավելացնել 5 գրամ սոդա, որը օգտագործում են կոկորդի ողողումների համար, իսկ եփուկն առանց սոդայի ընդունում են միանվագ՝ օրական 3 անգամ:
Լորենու ծաղիկները պարունակում են եթերայուղ, դաբաղանյութեր, վիտամին C, E, կարոտին, շաքար եւ այլ օգտակար նյութեր:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
11.06.2015