Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորներին ուզում են Ցիցերոն, Քարնեգի եւ Ջոբս «դարձնեն»

Հունիս 11,2015 21:33

Պե՞տք է արդյոք Ազգային ժողովի պատգամավորներին խոսել սովորեցնել. «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը գտնում է, որ պատգամավորներին անհրաժեշտ է սովորեցնել խոսել, ուստի այս կենտրոնը որոշել է ստանձնել այդ գործը, այն էլ՝ անվճար:

«ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ն այսօր հայտարարություն է տարածել՝ «Հաշվի առնելով ՀՀ Ազգային ժողովում վերջին զարգացումները` կենտրոնը կազմակերպում է անվճար գործնական թրեյնինգներ ԱԺ պատգամավորների համար: «Հռետորական արվեստ կամ ինչպե՞ս սովորել խոսել» խորագրով թրեյնինգները մասնակից պատգամավորներին կսովորեցնեն խոսել ժողովրդի լեզվով, բայց ոչ փողոցային լեքսիկոնով, առավել վստահ զգալ ԱԺ ամբիոնի մոտ, զինվել ինքնատիրապետման ամենաէֆեկտիվ մեխանիզմներով եւ արժանանալ ունկնդիրների համաձայնությանն ու համակրանքին: Ընդ որում, կենտրոնը խոստանում է սովորելու ցանկություն հայտնող պատգամավորներին չբացահայտել, գաղտնի պահել անունները: Կենտրոնը մտադիր է պատգամավորներին սովորեցնել հռետորական արվեստի այն գաղտնիքները, որոնք կիրառել են Ցիցերոնը, Դեմոսթենեսը, Դավիթ Անհաղթը, Պարույր Հայկազնը, Քարնեգին, Ջոբսն ու այլ նշանավոր խոսքի վարպետներ:

Դժվար է ասել, թե որ պատգամավորը կմասնակցի այս դասընթացներին, եւ արդյոք մասնակցելուց հետո մեր որոշ պատգամավորներ ցիցերոններ կդառնա՞ն, թե՝ ոչ, բայց ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ նման դասընթացների կարիք չկա, որովհետեւ պատգամավորները մինչ ԱԺ մտնելը պետք է խոսքի մշակույթը ձեռք բերած լինեն:

Armen-MartirosyanAravot.am-ը պարոն Մարիտիրոսյանին հիշեցրեց ԱԺ-ում պատգամավորների  կողմից միմյանց հասցեին պարբերաբար հնչող վիրավորանքները, օրինակ՝  պարբերաբար նման վարքով աչքի է ընկնում ՀՀԿ պատգամավորներ Վարդան Այվազյանը  երբեմն՝ Սեյրան Սարոյանը , Դաշնակցության եւ ՀԱԿ-ի  պատգամավորներն էլ երբեմն պոռթկում են: Արմեն Մարտիրոսյանն այս առնչությամբ ասաց՝ «Ազնվորեն, ես չեմ կարծում թե այնտեղ կան մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչպես պետք է խոսեն: Այլ բան է, որ իրենք այդպես խոսում են, որովհետեւ այդպես պետք է: Ես համոզված եմ, որ բոլորն էլ գիտեն ինչպես պետք է խոսեն ԱԺ-ում: Ինչպես հասկանում եմ՝ խոսքը վերաբերում է գիտելիքներ հաղորդելուն, ես ասում եմ՝ գիտեն, ինչ վերաբերում է կարողանալուն՝ կկարողանան, այսինքն, եթե գիտեն, ուրեմն՝  կկարողանան խոսել: Ուղղակի ամբողջ խնդիրն այն, է թե  ինչպես պետք է իրենց պահեն, որովհետեւ, եթե իրենք իմանան, որ դրա համար իրենք պատժվելու են, չեմ ասում՝ ժողովուրդը կացին առած ընկնելու է իրենց հետեւից, այլ հենց կուսակցության մեջ խնդիր են ունենալու, երբեք այդպես չեն պահի իրենց: Իրենց դա թույլատրվում եւ խրախուսվում է»:

Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ եթե նույնիսկ պատգամավորների կրթական ցենզը ցածր է, իսկ այդպիսիք կան ԱԺ-ում, միեւնույն է, գոնե իրենց կյանքի փորձով նրանք գիտեն՝ որտեղ՝ ինչպես կարելի է խոսել. «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ միջազգային պատվիրակության հետ իրենք այդպե՞ս են խոսելու»: Մեր այն դիտարկմանը, որ դժվար թե ասենք Առաքել Մովսիսյանին  միջազգային պատվիրակության մեջ ընդգրկեն, պարոն Մարտիրոսյանն ասաց.« Չափազանց սխալվում եք, եթե կարծում եք, որ Առաքել Մովսիսյանը չի կարող միջազգային պատվիրակության հետ հանդիպել: Այլ հարց է, որ իրենց պետք է հենց այդպիսի իմիջի մեջ լինել, եւ դա խրախուսվում է իրենց ղեկավարության կողմից»:

Heghine Bisharyan«Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ՝ պատգամավորներին խոսել սովորեցնելու թրեյնինգի մասին ասաց. « Ամեն մարդ պետք է կարողանա իրեն կառավարել: Չեմ կարող ասել, կարիքը կա՞ դասընթացների, բայց ով որ կազմակերպում  այդ դասընթացները, ինքն էլ պիտի ուսումնասիրի, եթե գտնի կա նման պատգամավոր, թող մոտենա ասի՝ ձեզ պետք է սովորեցնել: Իմ կարծիքով՝ ամեն մի պատգամավոր ինքը պետք է որոշի՝ կարեւո՞ր է իր համար սովորելը, թե՝ ոչ»:

Hovhannes SahakyanԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախ պետք է այդ թրեյնինգները կազմակերպող կենտրոնի դասախոսների կրթական ցենզն ու խոսելու ընդունակությունները ստուգել: Իսկ ընդհանրապես, Սահակյանը դեմ չէ իր մասնակցելուն այդ դասընթացներին, եթե այն օգտակար է. «Ես մեծ սիրով կմասնակցեմ, որովհետեւ միշտ սովորելը, զարգանալն ու կրթվելը ճիշտ է»:

Սահակյանն ասաց, որ ինքը չի կարող մյուս պատգամավորների փոխարեն պատասխանել՝ կարիք կա՞ նրանց հռետորական արվեստ ու խոսել սովորեցնել. «Բայց  հաշվի առնելով, որ ես էլ ԱԺ պատգամավոր եմ, եւ աչքի եմ ընկել միշտ իմ «ոչ կոռեկտ» պահվածքով, ես միգուցե մասնակցեմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    “թրեյնինգ” ի՞նչ ա նշանակում , բարոնայք “խոսքագետներ”

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930