Իջեւանի բնակիչ, 1989թ. ծնված Էդգար Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2014թ. սեպտեմբերի լույս 9-ի գիշերը, կեսգիշերին, ալկոհոլ օգտագործած վիճակում, Իջեւանի «Գետափ» սրճարանում, իր հոր՝ Աղվան Մելիքբեկյանի հետ լինելով , սրճարանի սեփականատեր Կարեն Անտոնյանի կողմից իր հորը սրճարանից դուրս հրավիրելը ցավագին ընդունելով՝ իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով շուրջ կես ժամ վիճաբանության մեջ է մտել Կ. Անտոնյանի եւ սրճարանի աշխատակցուհի Մարիետա Մարտիրոսյանի հետ, բռնության գործադրմամբ եւ բռնություն գործադրելու սպառնալիքով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հասարակության նկատմամբ, «Կիլիկիա» գարեջրի ապակե շշով հարվածել է Կ. Անտոնյանի պարանոցին, այնուհետեւ փորձել է նրան հարվածել ծալովի դանակով:
Ըստ մեղադրանքի՝ Է. Մելիքբեկյանը իր մոտ ապօրինի պահվող , 1962թ. արտադրության «ԻԺ» մոդելի՝ կարճափողի վերափոխված ողորկափող հրազենից փորձել է սպանել Կ. Անտոնյանին, սակայն վերջինս ուժի գործադրմամբ հրացանը խլել է Է. Մելիքբեկյանի ձեռքից, ինչի պատճառով Էդգարն իր կամքից հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դեպքից վայրից դիմել է փախուստի: Է. Մելիքբեկյանը նախկինում դատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, նրա դատվածությունը մարված չէ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով եւ 258 հոդվածի 4-րդ մասով,նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
1961թ. Ծնված, նախկինում չդատված Աղվան Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանության մեջ մտել Կ. Անտոնյանի եւ սրճարանի աշխատակցուհի Մ. Մարտիրոսյանի հետ, բռնություն գործադրելու սպառնալիքով եւ բռնության գործադրմամբ՝ Մ. Մարտիրոսյանի ձախ ձեռքից բռնելով, նրա առողջությանը պատճառել է թեթեւ վնաս, շուրջ կես ժամ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, Մ. Մարտիրոսյանի հասցեին տվել է տարբեր բնույթի սեռական հայհոյանքներ: Աղվան Մելիքբեկյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հունիսի 4-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել Է. Մելիքբեկյանին եւ Ա. Մելիքբեկյանին արդարացնել՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառով,դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը, Է. Մելիքբեկյանին անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճում: Դատարանը այդ դատավճիռը հիմնավորել է ապացույցների անբավարարությամբ, տարբեր ցուցմունքների մեջ առկա հակասություններով եւ այլն: Դատավոր Զոյա Զաքինյանը մեզ հայտնեց, որ ինքը գործել է օրենքին համապատասխան: Դատախազ Հովհաննես Փարսադանյանը դատարանին միջնորդել էր Է. Մելիքբեկյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման, իսկ Ա. Մելիքբեկյանին՝ 350 հազար դրամի տուգանքի: Դատախազությունը պատրաստվում է հիշյալ դատավճիռը բողոքարկել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ