«Հայաստանը յուրահատուկ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ»,- հունիսի 11-ին «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում» միջազգային գիտաժողովի ընթացքում հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:
Նա նկատեց, որ մի կողմից Հայաստանը ուժեղ եւ վստահելի դաշնակից է ՀԱՊԿ-ում, բայց մյուս կողմից Հայաստանում վերցրել է ՆԱՏՕ-ի մեկնած ձեռքը. «Կարծում եմ՝ Հայաստանը բավականին խելացի է, քանի որ ասում է՝ ինչո՞ւ ոչ, եթե դա լավ է ինձ համար, ապա ես կվերցնեմ այն, ինչ հարկավոր է: Բայց մյուս կողմից մենք գիտենք, որ այս երկիրը գտնվում է որոշ աշխարհաքաղաքական մարտահրավերների առջեւ»:
Նրա խոսքով՝ այսօր աշխարհում առկա է վստահության ճգնաժամ եւ իրենք չգիտեն, թե ինչպես կարող են այն հաղթահարել. «Այս գործողությունների հետեւանքները բերեցին նրան, որ մենք մտածում ենք՝ ինչ անել: Միանշանակ է եւ պարզ՝ ռազմական պատասխան չի կարող լինել, հետեւաբար՝ սա անհամաչափ հակամարտություն է: Մենք որոշեցինք այդ մարտահրավերներին խելացի պատասխանել եւ պատժամիջոցներ կիրառեցին: Շատերն ասացին՝ դա ճիշտ տարբերակ չէ, սակայն դա նույնպես ունեցավ իր ազդեցությունը»:
Ռայներ Մորելը հավելեց, որ եվրոպացիները գիտակցում են, որ Ռուսաստանն իրենց պետք է մի շարք խնդիրներ լուծելու համար, օրինակ՝ Սիրիայի խնդիրը, բայց նրանք չգիտեն, թե ինչպես պետք է վերադառնալ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններին:
Կարդացեք նաև
«Ինչպես եվրոպացիներին է պետք Ռուսաստանը, այնպես էլ, կարծում եմ, հակառակն է: Եթե նրանք ազնիվ լինեն, ապա կհասկանան, որ մենք գազի լավագույն հաճախորդներն ենք: Մենք բոլորս գիտենք, թե նրանք որքան են սիրում ճամփորդել, գումարներ ծախսել, կարծում եմ այսպես նրանք ճանապարհ են փնտրում վերականգնելու համար նախկին հարաբերությունները»,- ասաց դեսպանը
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ