Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի ծրագրերով մայրաքաղաքում շարունակվող շինբարեկարգման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Դավթաշեն վարչական շրջանում: Աշխատանքային շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների հարակից տարածք, որտեղ ընթանում են բարեկարգման աշխատանքներ: Քաղաքապետին ներկայացնելով շինաշխատանքների մանրամասները` պատասխանատուները զեկուցել են, որ հուշարձանների հարակից 520 քմ զբաղեցնող տարածքում դավթաշենցիների հանգստի կազմակերպման համար արդեն իսկ տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, բացի այդ, տարածքը կահավորվել է մանկական խաղահրապարակով ու մարզասարքերով: Ծրագրի շրջանակում տարածքը կապահովվի նաև ոռոգման նոր ցանցով ու արտաքին լուսավորության համակարգով: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ Դավթաշենում ևս մեկ հարմարավետ հանգստի գոտու ձևավորումն ապահովելու համար՝ ընդգծելով, որ այս տարածքը կլինի ոչ միայն ժամանցի կազմակերպման վայր, այլև իր կարևոր դերակատարումը կունենա հայրենասեր ու հայրենանվեր սերունդ դաստիարակելու հարցում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև Դավթաշենի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց: Քաղաքապետին զեկուցվել է, որ 2014թ.-ից մեկնարկած ծրագրի շրջանակում դպրոցի առաջին մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներն արդեն իսկ ամբողջությամբ ավարտվել են: Քաղաքապետը շրջել է հարկաբաժիններով, գնահատել կատարված աշխատանքն ու զրուցել դպրոց հաճախող երեխաների ծնողների հետ, ովքեր ընդգծել են, որ ծրագիրն իսկապես սպասված էր ու անհրաժեշտ: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև դպրոցի երկրորդ մասնաշենքում ընթացող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին: Կարևորելով ծրագրի իրականացումը՝ դպրոցի տնօրենը նշել է, որ աշխատանքների ավարտից հետո մշակութային օջախ հաճախող 990 սաների համար կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները:
Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաև Դավթաշեն վարչական շրջանի բակային տարածքներ, զրուցել բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրները: Անդրադառնալով դավթաշենցիների կողմից բարձրացվող հարցերին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ վարչական շրջանում արդեն իսկ գրանցված են առկա բոլոր խնդիրներն ու, ըստ առաջնահերթության, առաջիկա տարիներին դրանք հետզհետե լուծումներ են ստանալու: Դավթաշենցիներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել՝ բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման հարցում դրսևորվող մշտական հետևողականության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն