Ինչպես տեղեկացրել ենք ՀՀ ԱԺ-ն քննարկում է Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագիրը:
Պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն կապված այն հանգամանքի հետ, թե ինչո՞ւ է «Ալյոտիգ» ընկերությունը պատրաստ ներդրում անել այս պոչամբարների վերամշակման համար: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է « ծրագրի շրջանակներում առաջին փուլով մինչև 330 միլիոն ներդրում:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց բարձրացրեց. «Տարիներ շարունակ այդ ուղղությամբ կառավարությունը ոչինչ չի արել և հիմա բերվել է մի նախագիծ, որը պետք է իրականացնի ինչ-որ «Ալյոտիգ» ՍՊԸ, որը պատրաստ է այս պոչամբարները շահագործել և դրանից եկամուտներ ստանալ: Կամ ինչքա՞ն է կազմում ընկերության կապիտալը, որ պատրաստ է այդքան գումար վճարել, կամ ինչո՞ւ են ընտրվել հենց այդ երեք պոչամբարները, մինչդեռ ունենք 20-ից ավելի»:
Հարակից զեկուցող Գարեգին Նուշիկյանը նշեց, որ այդ ընկերությունն է դիմել առաջարկով, նա էլ անցել է, ուրիշ ընկերություն չի դիմել: Այնուհետև հավաստիացրեց, թե հանդիպել է տնօրենին, լավ տպավորություն է թողել:
Կարդացեք նաև
Մինչ պարոն Նուշիկյանը պատասխանում էր, տիկին Փոստանջյանը բազմանշանակ ժպտում էր:
Միջամտեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Ձեր ժպիտը համաձայնության նշան է, ուրախ ենք, որ ժպտում եք, Դուք շատ գեղեցիկ ժպիտ ունեք»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս մտահոգություններ ունի, նա բարձրաձայնեց. «Կարծեք թե «Ալյոտիգի» գաղտնիքը գաղտնազերծվում է և այն չի դասվի Տիտանիկի առեղծվածների շարքին: Մենք պահանջում ենք, որ հստակ ներկայացվի ովքեր են այս կազմակերպության սեփականատերերը»:
Այս հարցի քննարկմամբ էլ ՀՀ ԱԺ-ն ավարտեց այս նստաշրջանի աշխատանքները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ