2015 թ. հունիսի 18-28-ը, Պրահայում կմեկնարկի «Պրահայի քվադրինալե» թատերանկարչության և բեմանկարչության միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա «Կարմիր կարկուտ» խորագրով բեմանկարչական ինստալյացիայով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ նախագիծն իրականացնում է «Էյվա» արվեստների հիմնադրամը:
«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայի գաղափարային պատկերը ձևավորվել է մեկ դոկումենտալ լուսանկարի և երաժշտության փոխազդեցության արդյունքում: Լուսանկարում պատկերված են Մուշի ցերեկային դպրոցի փոքրիկ աշակերտները, իսկ երաժշտությունը Տիգրան Համասյանի կողմից ժամանակակից մշակում ստացած «Նոր ծաղիկ» Ներսես Շնորհալու Հարության տաղն է:
Քվադրինալեի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 17-ին, Պրահայի կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում` 80 երկրից ժամանած հյուրերի, դեսպանների, աշխարհահռչակ արվեստագետների և այլոց մասնակցությամբ, իսկ հունիսի 18-28-ը այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Քվադրինալեի մասնակից 64 երկրների ցուցադրություններին: Հայաստանի տաղավարը տեղակայված կլինի Ֆ. Կաֆկայի տանը ուր և հանրությանը կներկայացվի «Կարմիր կարկուտ» ինստալյացիան:
Հիմնական ցուցադրությունից բացի, հունիսի 23-ին տեղի կունենա «Հայկական օր» միջոցառումը, որի շրջանակում կներկայացվի «Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» նախագիծը` Հայոց ցեղասպանությունը վերապրած և մինչ օրս Հայաստանում ապրող մարդկանց մտքերն ու հույզերը:
Կարդացեք նաև
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին