Հունիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրն ԱԺ-ի կողմից վստահության արժանանալուն:
Ա. Հարությունյանը, հղում անելով ԱԺ-ի կողմից կառավարությանը վստահության քվե տալու մասին հաղորդագրությանը, շնորհակալություն է հայտնել պատգամավորներին և ընտրողներին՝ հավաստիացնելով, որ գործադիրն անելու է հնարավորինս` բոլորի սպասելիքներն արդարացնելու համար: Կառավարության ղեկավարը լրագրողներին հակիրճ ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները, որոնք ուղղված են Արցախի Հանրապետությունում տնտեսական կայուն աճի տեմպերի ապահովմանը: «Միայն տնտեսական կայուն զարգացման պարագայում է հնարավոր երաշխավորել պետության և հասարակության խնդիրների արդյունավետ լուծումը, ներկա և ապագա սերունդների բարեկեցությունը«,- նշել է վարչապետը:
Մամուլի ասուլիսի մեծ մասն անցել է հարցուպատասխանի ձևաչափով: Այդ ընթացքում լրագրողները գործադիր մարմնի առաջին դեմքից հստակ պարզաբանումներ են ստացել իրենց հետաքրքրող տարաբնույթ հարցերի վերաբերյալ:
Մասնավորապես, Ա. Հարությունյանը, պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ հարցին, նշել է. «Անկախ սակագնի հնարավոր բարձրացումից՝ բնակչությունը շարունակելու է վճարումները կատարել նույն սակագնով՝ 25 դրամով՝ ի տարբերություն մեծ ծավալով էլեկտրաէներգիա սպառողների: Անհրաժեշտության դեպքում ռազմավարական նշանակության օբյեկտների համար կվարվի սուբսիդավորման հատուկ քաղաքականություն»:
Կարդացեք նաև
Թե որտեղ են բացվելու 2000-ից ավելի աշխատատեղերը՝ հարցին ի պատասխան՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել հիդրոէներգետիկայի, հանքաարդյունաբերության, գյուղատնտեսության և սննդի վերամշակման ու թեթև արդյունաբերության ոլորտներում պլանավորված մի շարք նախագծերի մասին:
Ասուլիսի ավարտին Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել սկսված բերքահավաքի բարձր բերքատվության առթիվ և հողամշակներին մաղթել անկորուստ բերքահավաք:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին