Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արդյունքը միշտ սպասվածից ավելին է լինում». Ստեփան Ռոստոմյան

Հունիս 11,2015 16:50

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Քեզ հետ, Հայաստան» ծրագրի շրջանակներում նախորդ երեք ամիսների ընթացքում արդեն չորս համերգ է տեղի ունեցել. «Մոլորակի ամենահայտնի բեմերում աշխարհի ամենահայտնի արվեստագետները ելույթ են ունեցել՝ իրենց կատարումները նվիրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,- ասաց նա:

Նախագիծը մեկնարկել է Երուսաղեմից, այնուհետև համերգներ են տեղի ունեցել Բրյուսելում և Տալլինում, իսկ մայիսի 26-ին Նյու Յորքի «Քարնեգի» համերգասրահում «Քեզ հետ, Հայաստան» ծրագրի շրջանակներում ելույթ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտ Եվգենի Կիսինը և «Հովեր» երգչախումբը:

Sona-Hovhannisyan

Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը «Քարնեգի» համերգասրահում կայացած համերգը պատմական է համարում, քանի որ, նրա խոսքով, այդ համերգասրահում երբեք հայերի կողմից կազմակերպված համերգ չի եղել: «Հուսանք՝ սա սկիզբը կլինի, և մենք դեռ բավականին նյութ կունենանք այնտեղ ներկայացնելու»,- ասաց նա:

Ս. Ռոստոմյանի խոսքով՝ նյույորքյան համերգին հրավիրված է եղել նաև «Նյու Յորք թայմսի» գլխավոր երաժշտական քննադատը. «Նա շատ խիստ է և ոչ մեկին չի խնայում, բայց միայն դրական խոսքեր է գրել համերգի և «Հովեր» երգչախմբի մասին»,- նշեց Ռոստոմյանը:

Հավելենք, որ հիշյալ չորս համերգների ընթացքում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ալեքսանդր Իրադյանի, Ստեփան Ռոստոմյանի, Տիգրան Մանսուրյանի, Վաչե Շարաֆյանի, Աննա Ազիզյանի ստեղծագործություններից:

«Քեզ հետ, Հայաստան»-ը, Ս. Ռոստոմյանի բնորոշմամբ, նմանը չունեցող նախագիծ է ամբողջ աշխարհում, քանի որ միանգամից ամենահանրահայտ բեմերը գրավելը շատ բարդ ու ռիսկային գործ է. «Այդ պարագայում սայթաքելը դառնում է ճակատագրական: Բայց, չնայած դժվարություններին ու ռիսկայնությանը, մենք, այնուամենայնիվ, կարողանում ենք հաջողությունների հասնել: Արդյունքը միշտ սպասվածից ավելին է լինում»,- ընդգծեց նա:

Նշենք, որ նախագծին մասնակցել են Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, «Կամերատաս Զալցբուրգ» նվագախումբը, Զալցբուրգի երգչախումբը, «Հորտուս Մուզիկուս» անսամբլը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դիրիժոր և ջութակահար Պինկաս Ցուկերմանը, Անդրես Մուստոնենը, դիրիժորներ Դանիել Հարգինգը, Վալերի Գերգիևը, Ջոն Աքսելորդը, դաշնակահարներ Եվգենի Կիսինը, Ալեքսանդրո Տավերնան, Լիլի Մայսկին, Վարդան Մամիկոնյանը, ջութակահարներ Մաքսիմ Վենգերովը, Դանիա Ադամյանը, խմբավար Սոնա Հովհաննիսյանը, թավջութակահարներ Միշա Մայսկին, Վահե Ռոստոմյանը, շեփորահար Սերգեյ Նակարիակովը:

Իսկ առջևում Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգում, Հռոմում և Վիենայում կայանալիք համերգներն են:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930