Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
գլխավոր դատախազ, արդարադատության
երրորդ դասի պետական խորհրդական`
պարոն Արթուր Մոսիյանին
«Երրորդ Ուժ Պլյուս» թերթի գլխավոր խմբագիր,
թիվ 1-45 քրեական գործով դատապարտված
լրագրող Վահրամ Աղաջանյանից;
Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի թեորիայի բաժնի վարիչ
Սուսաննա Աղաջանյանից
Հասցե. ԼՂՀ, ք. Ստեփանակերտ
փ. Մխիթար Գոշի 2, բն. 15
հեռ. 94-03-67; 097-31-03-67
[email protected]; [email protected]
Պատճենները`
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչություն
ՀՀ-ում ԵԱՀԿ ներկայացուցչություն
Միջազգային ու հայկական իրավապաշտպան
կազմակերպություններին, դեսպանատներին,
Երևանի ու Ստեփանակերտի մամուլի ակումբներին
ԼՂՀ, ՀՀ և Սփյուռքի լրատվամիջոցներին
Դ Ի Մ ՈՒ Մ
Հարգարժան պարոն Մոսիյան:
Ինչպես Ձեզ հայտնի է, ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները, առանց ԼՂՀ դատախազության սանկցիայի, անօրինական խուզարկություն են իրականացրել իմ բնակարանում, որի արդյունքում, մեջբերում եմ նրանց ասածը`«կալանավորել են թերթի երկու համար», որտեղ լույս են տեսել իմ հոդվածները: Նույն օրը ինձ հրավիրել են ԼՂՀ ոստիկանություն, մեջբերում եմ`«զրույցի», սակայն անսպասելիօրեն ձերբակալել են և որևէ մեղադրանք չներկայացնելով, տեղափոխել Ստեփանակերտի մեկուսարան: 4-րդ օրը, մինչև դատավարությունն ու դատավճռի հրապարակումը, գիշերը իմ խուց է ներխուժել ոստիկանության «սպեցնազի» 4 դիմակավոր զինյալ, որոնք ձեռքերս ոլորելով և գլխիս պարկ հագցնելով, տեղափոխել են ինձ Շուշիի բանտ: Այնտեղ և իմացա, որ կալանավորված եմ ԼՂՀ իշխանություններին զրպարտելու մեղադրանքով (թերթի մեկ հրապարակման առնչությամբ հարուցվել է … 2 (sic!) քրեական գործ): Աներեվակայելի Իրողություն անգամ ամենահետամնաց երկրներում:
2000 թ. ապրիլի 12-ին Ստեփանակերտի քաղաքային դատարանը ԼՂՀ Քր.օր. 131 հոդվածի 2 մասով (քրեական գործ թիվ 1-45) դատապարտել է ինձ մեկ տարվա ազատազրկման` ԼՂՀ իշխանություններին, ավելի ստույգ ԼՂՀ վարչապետին զրպարտելու մեղադրանքով (այդ դատավճռի պատճենը կցված է): Անօրինական խուզարկության, կալանքի, քրեական գործերի, մեղադրանքի, իսկ հետագայում ապօրինի դատավճռի կոնկրետ պատճառը եղել է «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածը, որտեղ նկարագրված էին Վանաձորի 30 ընտանիքի տառապանքները. նրանք ցանկանում էին մշտական բնակություն հաստատել Արցախում, բայց առանց որևէ բացատրության մերժում են ստացել ՀՀ և ԼՂՀ իշխանությունների կողմից: Ստեփանակերտի քաղաքային դատարանի կարծիքով, դա զրպարտություն էր իշխանությունների հասցեին: Դատավճռում նշված է,որ «վանաձորցիների ոչ մի խումբ ընդհանրապես չի դիմել ԼՂՀ մեկնելու ցանկությամբ», որ նման վերաբնակիչներ գոյություն չունեն:
Պարզվում է, որ վանաձորցիների նշյալ խումբը ոչ միայն գոյություն ունի, այլև հանդես է եկել մամուլում համապատասխան հոդվածով, պարզաբանումներով (այդ հոդվածի պատճենը նույնպես կցված է): Ընդամենը երեք մեջբերում հիշյալ հրապարակումից. «Եվս մեկ շաբաթ հետո Ա. Աղաբեկյանը մեզ տեղեկացրեց, որ դիմումները անձամբ դրել է Անուշավան Դանիելյանի սեղանին: Մենք գնացինք Ստեփանակերտ», «Արմեն Բալայանը հանդիպեց Ա. Դանիելյանի հետ, որն էլ ասաց, որ բյուջեում փող չկա», «Վ. Աղաջանյանին դատել են նրա համար, որ նա պնդում է, որ ես գոյություն ունեմ»:
Ակնհայտ է, որ «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածի ամեն մի տող լրիվությամբ համապատասխանում է իրականությանը: Դեռ ավելին. վանաձորցիների այս հոդվածից պարզ է դառնում, որ ԼՂՀ պետք է տեղափոխվեր ոչ թե 30, այլ նույնիսկ 52 աճող ընտանիք: Ստեփանակերտի քաղաքային դատարանը նշել է, թե ես հանցագործություն եմ կատարել, որի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը ստիպել է նման դատավճիռ կայացնել: Իմ հրապարակմամբ ես ձգտել եմ նպաստել 52 աճող ընտանիքի վերաբնակեցմանը ԼՂՀ-ում, իսկ դատարանը ինձ հանցագործ է հայտարարել: Թե ում գործողություններն են վտանգավոր սակավաթիվ բնակչություն ունեցող ու պատերազմը չավարտած ԼՂՀ-ում`դատեք ինքներդ: Ես նույնիսկ չեմ նշում այն փաստը, որ Ստեփանակերտի քաղաքային դատարանը հրաժարվել է լսել վկաներին, առանց որևէ բացատրությունների, առանց հիմնավորումների, կոպտորեն խախտելով ԼՂՀ օրենսդրության պահանջները:
Չնայած ես ու ընտանիքիս անդամները զգուշացրել ենք դատարանին մորս` Ռոզա Ավետիսյանի սրտային ծանր հիվանդության ու այն պահին բուժման կուրս անցնելու մասին, չնայած մենք խնդրել ենք հետաձգել անօրինական դատավճռի կայացումը, քանի որ այն կարող էր ողբերգական հետևանքների հանգեցնել, քաղաքային դատարանը որոշել է գործը հասցնել իր ավարտին ու կայացնել ապօրինի դատավճիռ: Այս անմարդկային որոշման արդյունքում մայրս վախճանվել է սրտային սուր անբավարարվածությունից (նրան խնամած բժշկի վկայությունը նույնպես կցված է):
Պարոն Մոսիյան: Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած տարիներին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որը ԼՂՀ քաղաքացիների իրավունքների գլխավոր երաշխավորն է, մեր հանդիպման ժամանակ, ասել է, որ իշխանությունները անարդար են վարվել տողերիս հեղինակի, մեր ընտանիքի նկատմամբ: Նույն խոստովանությամբ հանդես էր եկել նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը նույնպես հանդիպելով ինձ հետ, ընդգծել է իշխանությունների մեղքն այս գործում: Ստեղծվել է տարօրինակ իրավիճակ. ԼՂՀ երկու նախագահները ճանաչել են իմ անմեղությունը, բայց դատարանի անօրինական որոշումը մինչ օրս վերանայված չէ, ինչպես նաև փոխհատուցված չէ վնասը, որը կրել ենք ես ու ընտանիքս իշխանությունների անօրինական գործողությունների արդյունքում:
Իրենց հակասահմանադրական գործողությունների ընթացքում ԼՂՀ իշխանությունները խախտել են ԼՂՀ Քրեական Օրենսգրքի առնվազն 7 հոդված: Դրանք են. Հոդված 168. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը; Հոդված 374. Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը; Հոդված 361. Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը; Հոդված 362. Վկայի կամ տուժողի ներկայանալուն կամ նրանց ցուցմունք տալուն խոչընդոտելը; Հոդված 375. Ապացույցները կեղծելը; Հոդված 378. Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը; Հոդված 323. Պաշտոնեական լիազորություններն անցնելը: Դատավճիռ կայացնելու ընթացքում խախտվել է նաև այն ժամանակ գործող ԼՂՀ Քր.դատ.օր-ի N 359 հոդվածը, համաձայն որի «…եթե դատավճիռը կարող է առանձնապես ծանր հետևանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար, այն պետք է հետաձգվի»: Այս հոդվածը կիրառվում էր անգամ վտանգավոր հանցագործների նկատմամբ: Այնինչ իմ դեպքում խոսքը լրագրողի, անմեղ դատապարտված մարդու մասին է…
Պարոն գլխավոր դատախազ: Իմ և ընտանիքիս անդամների դեմ կատարվել է մինչ օրս չլսված ու չտեսնված հրեշավոր մի հանցագործություն, որը դատապարտել են աշխարհի ոչ միայն տասնյակ պետությունների իրավապաշտպան կազմակերպություններն ու լրատվամիջոցները, այլ նույնիսկ նրանք, ովքեր իրականացրել են այն: Վերոշարադրյալից ելնելով ու ղեկավարվելով ԼՂՀ Քր.դատ.օր-ի 187, 188, 190, 191, 192 և 193 -րդ հոդվածների դրույթներով, պահանջում եմ Ձեզնից անհապաղ քրեական գործեր հարուցել ԼՂՀ Ոստիկանության դեմ, որն առանց դատախազության սանկցիայի անօրինական խուզարկություն է անցկացրել մեր բնակարանում; լրագրողի դեմ ապօրինի քրեական գործ հարուցած ԼՂՀ դատախազության ներկայացուցչի դեմ; ակնհայտ անարդար դատավճիռ կայացրած ու ԼՂՀ Քրեական Օրենսգրքի մի շարք հոդվածներ խախտած Ստեփանակերտի քաղաքային դատարանի նախկին նախագահի դեմ:
Հիշեցնում եմ Ձեզ նաև, որ զրպարտության մասին հոդվածը (№ 131), որով ինձ դատել են, հանված է անգամ Ղարաբաղի Քրեական Օրենսգրքից: Եթե նույնիսկ իշխանությունների մեղադրանքները լրագրողի դեմ օրինական լինեին, գործը ամեն դեպքում պետք է վերանայվի: Այնինչ տվյալ դեպքում հանցակազմը ընդհանրապես բացակայում է: Ամեն ինչ պարզից էլ պարզ է. ԼՂՀ դատարանը հայտարարել է, որ իմ հոդվածում նկարագրված վանաձորցի վերաբնակիչների 30 ընտանիք ընդհանրապես գոյություն չունի: Վանաձորցիներն էլ հանդես է եկել մամուլում հոդվածով ու նշել, որ իրենք ոչ միայն գոյություն ունեն, այլև պատրաստ են ներկայանալ դատարան: Սակայն Ստեփանակերտի քաղաքային դատարանը հրաժարվել է կանչել ու լսել վկաներին: Այսինքն կոպտորեն խախտել է օրենքը ու պետք քրեական պատասխանատվություն կրի դրա համար, եթե նույնիսկ ղարաբաղցի բարձրաստիճան պաշտոնյայի ազգակից է:
Տեղեկացնում եմ Ձեզ նաև, որ այս դիմումի պատճենները ուղարկվել են ՀՀ և ԼՂՀ նախագահներ պրն-ք Սերժ Սարգսյանին ու Բակո Սահակյանին:
Պահանջում եմ Ձեզնից պատասխանել նամակին քաղաքացիների դիմումները քննարկելու օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան:
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
«Երրորդ Ուժ Պլյուս» թերթի գլխավոր խմբագիր
Պահանջին միանում եմ`Սուսաննա ԱՂԱՋԱՆՅԱՆ
Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի թեորիայի բաժնի վարիչ
28.04.2015 թ