Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի ոստիկանությունն ու «SOS»-ը կհանդիպեն դատարանում. media.am

Հունիս 11,2015 16:28

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ու ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանը եւ Սերգեյ Զաքարյանը դատական հայց են ներկայացրել YouTube-ում հեռարձակվող«SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու եւ ՀՀ ոստիկանության բարի համբավը նսեմացնելու համար:

Ոստիկանները վիրավորվել են հաղորդաշարի 2015 թվականի մայիսի 24-ի «G7» վերնագրով 11-րդ թողարկումից, որտեղ հայցադիմումի համաձայն՝ իրենց հասցեին հնչել են «մենք՝ Գ ու հենց-ընենց յոթերս, ՀՀ քաղաքացու պաշտպաններ ենք, ծառաներն ու բարեկամները», «շան տղերք» «վերջերս մեր զաբոռալպստման բաժին ահազանգ եղավ» արտահայտությունները:

Հայցվորները պահանջում են հրապարակային ներողություն խնդրել ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության ծառայողներ Արթուր Մադաթյանից եւ Սերգեյ Զաքարյանից, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողներին վճարել փոխհատուցում 1-ական միլիոն դրամի չափով:

Դատարան դիմելուց առաջ ոստիկանությունը բողոք է ներկայացրել YouTube-ին՝ «SOS»-ի 11-րդ թողարկման մեջ ոստիկանության կադրերը հեղինակային իրավունքի խախտմամբ օգտագործելու համար: YouTube-ը ժամանակավորապես արգելափակել է հաղորդումը, եւ, ինչպես նշված է հայցադիմումում, տեղեկացրել, «որ 10 աշխատանքային օրվա ընթացքում ոստիկանության կողմից իրավախախտում թույլ տված անձի դեմ դատական հայց ներկայացնելու վերաբերյալ ապացույց իրենց չներկայացնելու դեպքում կարող է տեսանյութի արգելափակումը վերացվել»:

«SOS» հաղորդաշարի հեղինակների խոսքով՝ ոստիկանության կայքի տեսանյութը օգտագործելիս չեն իմացել, որ այն հեղինակային իրավունքի օբյեկտ է:

«Մենք կարծել ենք, թե ոստիկանության կայքում տեղադրված տեսանյութերը ազատ օգտագործման համար են»,- ասում է հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը:

Իրավաբան Գեւորգ Հայրապետյանի խոսքով՝ «02» հաղորդաշարից կադրեր օգտագործելու մեջ հեղինակային իրավունքի խախտում չկա:

«Մի կողմից՝ «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի համաձայն՝ նորությունների եւ ընթացիկ իրադարձությունների մասին տեղեկատվությունը հեղինակային իրավունքի օբյեկտ չէ, մյուս կողմից՝ տեղեկությունն առանց ոստիկանության հարցնելու` ոստիկանության կայքից վերցնելը ամբողջությամբ տեղավորվում է տեղեկատվության ազատության իրավունքի համատեքստում, քանի որ դա պաշտոնական տեղեկատվություն է՝ ստեղծվում է ոստիկանության կողմից, տարածվում է ոստիկանության կայքով եւ հրապարակվում օգտագործելու համար: Իսկ տեղեկատվության ազատության մասին օրենքը ներառում է եւ’ տեղեկություններ փնտրելը (ոստիկանության կայքը բացել կարողանալը), եւ’ տեղեկությունները ստանալը (կայքում հրապարակված տեղեկատվությանը հաղորդակից լինել կարողանալը), եւ’ տեղեկության փոխանցումը, եւ’ տեղեկության տարածումը»,- ասում է Գեւորգ Հայրապետյանը:

Իրավաբան Մովսես Հակոբյանը գտնում է, որ ոստիկանության բողոքը YouTube-ին անհիմն է եղել, քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ տեսանյութը կարելի է օգտագործել պարոդիայի նպատակով՝ առանց հեղինակի թույլտվության:

«Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասի «ժ» կետի համաձայն՝ ազատ օգտագործմամբ թույլատրվում է հրապարակված ստեղծագործության վերափոխումը, եթե այն վերափոխվում է պարոդիայի (ծաղրագրության) կամ ծաղրանկարի՝ պայմանով, որ շփոթություն չի առաջացնի ստեղծագործության բնագրի (սկզբնաղբյուրի) նկատմամբ»,- ասում է Մովսես Հակոբյանը:

Նյութի մանրամասները կարդացեք media.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930