Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի կիրճի ու մայրաքաղաքի շրջակայքի քաղաքաշինությունը օձերին իրենց տներից տեղահան են արել

Հունիս 11,2015 16:05

Ոչ թե օձերն են ակտիվացել ու շատացել, այլ մարդիկ են գնացել դեպի օձերի բնակավայրեր: Այսպես արձագանքեց բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն այն հարցին, թե ինչո՞ւ են օձերը շատացել եւ հարձակվում են մարդկանց վրա:

Այսօր «Հենարան» ակումբում պարոն Աղասյանն ասաց, որ սառնարյուն կենդանիների կենսակերպի առանձնահատկություններից է գարնանն ու ամռանն ակտիվանալը:

Ըստ նրա՝ մայրաքաղաքում եւ նրա մերձակայքում իրականացվող քաղաքաշինությունը տեղափոխվել է դեպի օձերի բնակավայրեր, այդ պատճառով էլ օձերի հետ կապված ահազանգերը հաճախակիացել են. «Կարծիք կա, թե օձերը շոգին են դուրս գալիս, բայց այդպես չէ, ընդհակառակը օձերը շատ շոգերին` օգոստոս հուլիս ամիսներին, մասնավորապես, պատսպարվում են նկուղներում, խոնավ վայրերում: Մինչ այժմ Հրազդանի կիրճում երբեք նման ծավալի շինարարական աշխատանքներ չեն կատարվել եւ օձերին հանդիպելու հավանականությունը մեծացել է»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ վերջին օրերի եղանակի տաքացմամբ պայմանավորված, ահազանգերի թիվն աճել է: Ստացել են 128 ահազանգ, սակայն փրկարարները 69 օձ են բռնել եւ տեղափոխել անվտանգ վայր: Ըստ նրա, օձ հանդիպելու դեպքերի ուղիղ կեսը մայրաքաղաքում է գրանցվում:

Պարոն Խանգելդյանը մի քանի խորհուրդ տվեց, թե օձ հանդիպելիս ինչպես պետք է վարվել, հակառակ դեպքում, հատկապես թունավոր օձի խայթոցն առողջությանը լուրջ վտանգներ կհասցնի, ընդհուպ` հաշմանդամության. «Եթե կենդանին հայտնվել է ձեր բնակարանում կամ այնպիսի տարածում, որ դուրս գալու տեղ չունի, երբեք չի կարելի նրան անկյուն մտցնել ու վախեցել, պետք է դուռը փակել եւ ահազանգել 911 ծառայություն, քանի որ օձերը շատ լավ քողարկվում են եւ շատ արագ կարող են հարձակվել: Հատկապես ապրիլ եւ հունիս ամիսներին օձի թույնը շատ խիտ է, քանի որ օձը ձվադրման շրջանում է եւ ագրեսիվ է, մարդուց մի քանի անգամ արագ է գործում եւ մի փորձեք նրան ինքնուրույն բռնել»:

Արամ Աղասյանն ասաց, որ բնակավայրերում հանդիպողը հիմնականում գյուրզա եւ հայկական իժ օձերն են, որոնց թույնը մահացու է, եթե ժամանակին չտրվի հակաթույնը:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը: Նրա վստահեցմամբ այսօր բոլոր հիվանդանոցներն ապահովված են հակաթույնով: Ըստ նրա, օձի խայթոցից տուժածին առաջին բուժօգնությունն այն կլինի, որ թույնը շատ արագ արտածծեն եւ թափեն: Մասնագետը վստահեցրեց, որ թույնը մարդու բերանի համար վտանգ չի ներկայացնում, քանի որ լորձաթաղանթով չի անցնում, ապա պետք է մարդուն անշարժացնել եւ դիմել հիվանդանոց: Մասնագետների խոսքերով, ոչ մի դեպքում չի կարելի հեքիմների օգնությանը դիմել: Հակաթույնը պետք է ներարկել 6 ժամվա ընթացքում:

Նրանց հավաստմամբ, մահվան դեպքերի հիմնական մասը հենց այդ պատճառով է լինում, քանի որ մինչ հիվանդանոց տանելը դիմում են հեքիմների բուժօգնությանը. «Օձի խայթոցի դեպքում ժողովրդական բժշկություն չկա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930