Լրահոս
Օրվա լրահոսը

Որդեկորույս մայրերն իրավունք ունեին ակցիա իրականացնել, բայց ոստիկանները խոչընդոտեցին (Տեսանյութ)

Հունիս 11,2015 15:37

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բախում տեղի ունեցավ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի և ոստիկանների միջև: Խնդիրն այն էր, որ ոստիկանները պատ էին կազմել ու թույլ չէին տալիս, որ սևազգեստ մայրերը մոտենան նախագահի նստավայրին:

Մայրերն ահազանգեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ժամանեց արագ արձագանքման խումբը: Սևազգեստ մայրերը նրանց հետ զրույցում հայտարարեցին, թե ցանկանում են ուղղակի քայլել: Մի քանի րոպե ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը և այդ ոստիկանական գործողությունն իրականացնող պատասխանատու ոստիկանը զրուցեցին, այնուհետև ՄԻՊ ներկայացուցիչը վերադարձավ ու պարզաբանեց, թե ոստիկանները ողջամիտ հեռավորություն են պահպանում, քանի որ մայրերը ցանկանում են ակցիա իրականացնել: Ոստիկանները պատճառաբանեցին, թե թույլ չեն տալիս, քանի որ հնարավոր է մոտենան նախագահական նստավայրին ու անհարիր արտահայտություններ անեն: Ոստիկանները հղում էին անում հավաքների ազատության մասին օրենքի 19-րդ հոդվածին, մինչդեռ ՄԻՊ ներկայացուցիչը հայտարարեց, որ նույն այդ օրենքի համաձայն կարող են ակցիա իրականացնել նախագահական նստավայրի դիմաց, եթե չեն խախտում աշխատանքների բնականոն ընթացքը:

Vardges Gaspari

Այնուհետև ոստիկանները մայրերին ասացին, թե իրենց ուղեկցությամբ և թույլտվությամբ կարող են անցնել նախագահականի դիմաց: Տիգրան Օհանջանյանի մայրը`Գոհար Սարգսյանը վրդովվեց. «Ակցիա կանեմ, կխանգարեմ, ինչ կանեմ, ես եմ որոշում: Թող ասեն, չի կարելի ակցիա անել,  եթե խոչընդոտների կենթարկվեն, թող բերման ենթարկեն: Իմ իրավունքները խախտվում են: Բացեք ճանապարհը, գնում եմ, ակցիա կանեմ, վազում եմ, ինչ ուզեմ կանեմ»:

Նանա Մուրադյանն էլ վրդովվեց, թե «գնացեք թշնամու դիմաց նման պատ շարեք, որ մեր երեխաներին չսպանեն: Մինչև իմ երեխայի սպանողին չպարզեմ, գալու եմ նախագահի քթից բերեմ, ինքը այսպես պետք է վախենա: Ինչ պիտի անեք ինձ, որդուս տարան, էլ դրանից ավելի ինչ: Էդ ի՞նչ պիտի անեմ ես, ինչ եք ուզում, ինչ պիտի անեք ինձ, գնդակահարեք պրծնեմ»: Այս ամենն ավարտվեց բախումներով:

MiP handipuamԱյնուհետև սևազգեստ մայրերն այցելեցին ՄԻՊ գրասենյակ, որտեղ նրանց հետ չհանդիպեց ՄԻՊ –ը, այլ նրա տեղակալ Արմեն Գրիգորյանը: Նա հայտնեց, որ փետրվարի 11-ի դեպքերի վերաբերյալ խախտումներ են արձանագրել, ինչ վերաբերում է այսօրվան, ապա պարոն Գրիգորյանը հայտարարեց, թե մայրերն իրավունք ունեն ակցիա իրականացնել նախագահական նստավայրի դիմաց, եթե չեն խոչընդոտում բնականոն աշխատանքներին, այսինքն՝ չեն աղմկում այնպես, որ խանգարեն այնտեղ եղած խորհրդակցություններին:

Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, թե ոստիկանությունից իրենց պարզաբանել են, որ թույլ չեն տալիս, քանի որ ամեն անգամ նրանց ակցիաների բնույթը փոխվում է  և մտավախություններ ունեն, ուստի պահպանում են ողջամիտ հեռավորությունը:

Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը և Նանա Մուրադյանը նաև տեղեկացրին, որ իրենց դեմ կատարված բռնությունների վերաբերյալ նախաքննություն է ընթանում, բայց արդեն մեկ ամիսը կլրանա, ոչ մի նորություն չկա: Ծնողները վրդովված են, թե՝ «ինչպես մեր տղաների գործերն են քննել, այնպես էլ այս գործը»:

Իրինա Ղազարյանը պատմեց, որ երբ բռնությունից հետո պետք է ստուգվեր, բոլոր բուժհիմնարկները խուսափում էին դա անել` իրար վրա գցելով, սակայն, բավական էր կառավարությունից մեկ զանգ և իրեն ընդունեցին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930