Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը հորդորում է լուրջ վերաբերվել Հրանուշ Հակոբյանի՝ 1000 դոլար բերելու կոչին

Հունիս 11,2015 15:13

Արդեն իսկ կասկած կա, որ ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանին չի հաջողվելու հավաքագրել այն 250 մլն-ը, որի ակնկալիքներն ուներ կառավարությունը: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ մենք տոկոս ենք ստանում, որը չի փոխվել. «Փետրվարից սկսած՝ մենք արդեն ստացել ենք մասհանումներ՝ տոկոսներին համապատասխան: Ստացել ենք մոտ 2 տասնյակ մլրդ, սակայն մեր ԵՏՄ-ից ստացածը մի քանի մլրդ-ով ավելի է, քան մեր հավաքագրածը: Այսպիսով, մենք ԵՏՄ-ից ավելի շատ ենք ստանում, քան տալիս ենք այս պահին: Մի՛ կապեք ԵՏՄ ռեժիմը այն տնտեսական իրավիճակի հետ, որը գոյություն ունի այսօր տարածաշրջանում»:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Հրանուշ Հակոբյանի կոչը սփյուռքին, որ 1000 դոլար ներդրեք ՀՀ բանկերում, որ մեր տնտեսությունն աճի՝ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Խնդրում եմ Հրանուշ Հակոբյանի կոչին վերաբերվել ավելի լուրջ»:

Նա հիշեցրեց, որ լիբանանյան բանկերում մեծ գումարներ կան, իսկ դրանք մի քանի անգամ գերազանցում են երկրի ՀՆԱ-ն. «Մենք ունե՞նք նման բանկեր, որոնք կարող են առաջարկել նման ծառայություններ եւ ներգրավել: Եթե ունենք նման բանկեր, ուրեմն այդ գործընթացը կարող է լինել: Ես գիտեմ բազմաթիվ սփյուռքահայերի, որոնք հայաստանյան բանկերում ունեն գումարներ: Գիտեմ մարդիկ, ովքեր ՀՀ-ում լինելով, հայաստանյան բանկերում գումար չունեն»:

Երբ լրագրողներից մեկն արձագանքեց՝ այդ թվում ՀՀ պաշտոնյաները չունեն, որովհետեւ իրենց գումարները շվեյցարական բանկերում են՝ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Դուք գիտե՞ք այդ պաշտոնյաներին: Գիտեք, դուք ասում եք մի եզրակացություն, մեկ ուրիշը շարունակում է, հետո իրար պաս տալով դրանից հետո վերջում եզրակացնում եք, որ եթե հենց հիմա մի հատ ուժեղ հեղափոխություն չլինի՝ աշխարհի վերջը կգա, դրանից հետո ասում եք՝ ինչու դուք չեք պատրաստվում այդ հեղափոխությանը»:

Ըստ Վաչե Գաբրիելյանի, եթե հայաստանյան բանկերը կարողանան ներգրավել փոքր խնայողությունները, էական խնդիր կլուծեն, դրա փորձը կա Լիբանանում. «Կոչը, որպես ուղղորդում, որ կա նաեւ այսպիսի խնդիր, շատ նորմալ է: Դա չպիտի դիտարկել որպես կոչ, այլ՝ որպես նորմալ բիզնես առաջարկ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930