Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ Սեյրան Օհանյանի դեմ «վայրահաչոցների», լայք հավաքելու ու նախանձի մասին (Տեսանյութ)

Հունիս 11,2015 14:41

ԱԺ նիստում այսօր քննարկվեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը: Օրինագծով առաջարկվում է, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ստացած վնասվածքներն արտերկրում բուժման, ճանապարհածախսի եւ մնալու հետ կապված ծախսերը պետական միջոցների հաշվին լուծեն:

Arcvik_MinasyanՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախագծի քննարկման ժամանակ, օգտվելով առիթից, կոչ արեց ԶԼՄ-ներին, որ այլեւս թիրախ չդարձնեն ՊՆ նախարարին եւ անհիմն հարձակումներ չգործեն նախարարի դեմ:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես անդրադարձավ այդ խնդրին: Նա կարեւորեց պաշտպանական համակարգը, ասելով, որ առանց այդ համակարգի անհնար է խոսել ժողովրդավարության զարգացման, տնտեսական աճի մասին. «ՀՀ-ի համար անվտանգության եւ պաշտպանության հարցերը գերկարեւոր են: Առաջնային խնդիրները մեր զինվորների խնդիրներն են: Եթե չես ուզում կերակրել ուրիշի բանակին, ուրեմն պետք է հոգ տանես ու ուժեղացնես քո բանակը: Պաշտպանական եւ անվտանգության ոլորտը մեր երկրի ողնաշարն է: Հայաստանն ու Արցախը անկախության համար արյուն են թափել: Որեւէ մեկը մեզ վերեւից մանանայի նման անկախություն չի տվել: Եվ հիմա այդ անկախության միակ երաշխիքը Հայոց բանակն է, ու ցանկացած վայրահաչոց հայոց բանակի եւ բանակի պատասխանատուի նկատմամբ, դա վայրահաչոց է իմ հայրենիքի նկատմամբ: Իշխանություններին կարելի է եւ պետք է քննադատել, բայց չի կարելի նույնացնել իշխանություն եւ հայրենիք: Չի կարելի ամեն ինչի չափն անցնել: Մենք չպետք է անենք այն, ինչը ձեռնտու է մեր հարեւաններին: Քայլ կատարելուց առաջ եկեք մինչեւ 10-ը հաշվենք՝ ի՞նչ ենք անում, ընկել եք համընդհանուր սենսացիայի հետեւից, ով ինչքան լայք կհավաքի: Հետո՞»:

Ըստ Էդուարդ Շարմազանովի, մեր բոլոր դժբախտությունների պատճառը միշտ եղել է այն, որ մենք միասնական չենք եղել: Ինչպես կասեր Նժդեհը, հայի թիվ մեկ թշնամին հայի ներսի նախանձն է. «Եկեք ձերբազատվենք ներքին նախանձից, լինենք բարի, պարզ առաքելական հայ քրիստոնյա, հերիք է ընդդեմ ինչ-որ մեկի ապրեք՝ ինադու ինչ-որ մեկի: Բերեք ապրենք հանուն հայրենիքի, մեր ընտանիքի, մենք էլ խաղաղ կլինենք: Ամոթ է, բերեք փայփայենք մեր բանակը, բանկի պատասխանատուներին, մեր զինվորին: Պաշտպանության նախարարությունը մեր բոլորինն է, իշխանությունն իր հոր տնից չի բերել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930