Ինչո՞ւ մեր երկրում մեծահարուստների ցուցակը չի փոխվում 1998-ից ի վեր: Այսօր ԱԺ-ում լրագրողները փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին այս հարցն ուղղեցին:
Նա պատասխանեց, որ այդ ցուցակը կարող էր նաեւ չփոխվել 1991-ից ի վեր: Դիտարկմանը, որ 1991-ին 2 մեծահարուստներ կային՝ Վանո Սիրադեղյանը եւ Խաչատուր Սուքիասյանը, իսկ դրանից հետո ձեւավորվեց այլ ցուցակ՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան, Վաչե Գաբրիելյանն արձագանքեց՝ դուք բոլորի ունեցվածքի չափերը գիտե՞ք, հետազոտություններ արե՞լ եք:
Հարցին՝ ինչո՞ւ ես ու Դուք չենք մտնում այդ մեծահարուստների ցուցակի մեջ օրերից մի օր՝ Վաչե Գաբրիելյանն այսպես բացատրեց. «Դա կարողությունների խնդիր է, խոսքը վերաբերում է ունակություններին»:
Լրագրողների զարմանքին, որ Սամվել Ալեքսանյանն ուրեմն ավելի մե՞ծ ունակություններ ունի՝ փոխվարչապետը պատասխանեց. «Ինձնից՝ այո, ձեզնից՝ կասկածում եմ»:
Կարդացեք նաև
Խոսելով Սամվել Ալեքսանյանի ինտելեկտի մասին՝ փոխվարչապետն ասաց. «Նա ԱԺ պատգամավոր է եւ աշխատում է ձեր անմիջական հայացքի ներքո»:
Համեմատելով Սամվել Ալեքսանյանին իր հետ՝ Վաչե Գաբրիելյանն ասաց. «Ինքը շատ ունակ քաղաքական եւ առեւտրային գործիչ է: Ալեքսանդր Սարգսյանի բիզնես գործառույթների մասին քիչ տեղեկացվածություն ունեմ եւ չեմ կարող գնահատել»:
Հարցին՝ Սամվել Ալեքսանյանը կլինե՞ր հաջողակ գործարար, եթե չունենար «տանիք», չլիներ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ նա պատասխանեց. «Սամվել Ալեքսանյանը միշտ եղել է հաջողակ, ոչ միայն այս նախագահի օրոք: Եղել է հաջողակ նաեւ Ռոբերտ Քոչարյանից առաջ»:
Լրագրողների դիտարկմանը, որ ավելի լավ է չասեք, թե Ռոբերտ Քոչարյանից առաջ ինքը տոնավաճառում ինչ էր վաճառում՝ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ես ընդամենը ասում եմ, որ ինքը մշտապես հաջողակ է եղել»:
Իսկ, այնուամենայնիվ, թե ինչու մեր մեծահարուստների ցանկը չի փոխվում՝ Վաչե Գաբրիելյանը դժվարացավ պատասխանել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ