Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են սփյուռքահայ գործարարները փախել Հայաստանից. Փոխվարչապետը պնդում է՝ ընտանեկան վեճից են փախել

Հունիս 11,2015 13:49

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հարցին՝ Դուք տեղյա՞կ եք ժողովրդի վերաբերմունքից՝ առ կառավարություն՝ պատասխանեց. «Իհարկե: Ես կարծում եմ, որ նրանք մտածում են, թե ժողովուրդը եւ կառավարությունը միասին կերտում են Հայաստանի ապագան»:

Լրագրողների դիտարկմանը, որ այդպես չէ, որ ժողովուրդն իրեն բացակա է դրել՝ նա արձագանքեց. «Դուք պնդում եք, որ դուք միանշանակորեն տիրապետո՞ւմ եք ժողովրդի ձայնին»:

Հարցին՝ բա ինչո՞ւ են արտագաղթում՝ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ես երեկ հանդիպում էի Լատվիայի դեսպանի հետ: Գիտե՞ք Լատվիայից, Լիտվայից եւ մնացած վայրերից արտագաղթն ինչպիսին է: Այդտեղ որեւէ օրինաչափություն չկա՞»:

Դիտարկմանը, որ դա իրենց խնդիրն է, մեզ մեր խնդիրներն են հետաքրքրում՝ փոխվարչապետը պատասխանեց. «Տնտեսական օրինաչափությունն ակնհայտ է: Եթե դուք ունեք միասնական աշխատանքային շուկա եւ նույն աշխատանքի համար սահմանից այն կողմ գնահատում են եւ վճարում են մի քանի անգամ բարձր, արտագաղթը միշտ տեղի է ունենում: Երբեմն տեղի է ունենում ցածր եկամուտ ունեցողների մոտ, երբեմն՝ բարձր»:

Լրագրողներն ասացին, որ Լատվիայում, Լիտվայում Սամվել Ալեքսանյան, Ալեքսանդր Սարգսյան չկա, այդ կերպարները չկան, որոնք «ձեռքը դրել են տնտեսության վրա»՝ Փոխվարչապետը հակադարձեց. «Դուք վստա՞հ եք, որ այնտեղ մեծահարուստներ չկան, այսինքն, դուք հաշվե՞լ եք Լատվիայում քանի հոգի են ձեռքը դրել տնտեսության վրա եւ համեմատե՞լ եք: Գիտեք ինչ, ես միշտ հիշում եմ ասացվածքը հարեւանի հարսի մասին: Ձեր ասածով, վիճակը Հայաստանում ամենավատն է»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ Ալեքսանդր Սարգսյանն ազդում է մեր երկրում ներդրումների վրա՝ նա վստահեցրեց, որ ոչ:

Հարցին՝ Դուք մեզանից լավ գիտեք իրավիճակը, քանի սփյուռքահայ գործարար ահազանգեց, որ այստեղ «փայ» են մտել եւ թողել են իրենց բիզնեսները, գնացել են այստեղից՝ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Դուք վստա՞հ եք, որ սփյուռքահայերից բոլորին փորձել են փայ մտնել, բոլորը փախել են: Ես գիտեմ սփյուռքահայ գործարարներ, որոնք ունեցել են ընտանեկան վեճ, ունեցել են խնդիրներ, դրանից հետո ասել են՝ ՀՀ կառավարությունը մեր մոտ խնդիր է առաջացնում, բայց դա եղել է ընտանեկան խնդիր: Հիմա ընտանեկան խնդիրը նույնականացնել ՀՀ կառավարության հետ պե՞տք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930