Վաղը 50 երկրներ պետք է մասնակցեն Բաքվում Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությանը: Այդ խաղերը լուսաբանելու համար հունիսի 12-ից հուլիսի 28-ը Բաքու կժամանեն միջազգային լրատվամիջոցների 1300 լրագրողներ եւ մամուլը ունի բացառիկ հնարավորություն՝ ստանալ մանրամասն տեղեկատվություն մի երկրի մասին, որտեղ կա գրաքննություն եւ բազմաթիվ սահմանափակումներ:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի ղեկավար Նինա Օգնյանովան այսօր նշել է, որ Ադրբեջանում 8 անկախ լրագրողներ ազատազրկված են Ադրբեջանի իշխանություններին քննադատող իրենց հրապարակումների համար: «Այս երկիրը համարվում է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գլխավոր բանտը»:
Խաղի կազմակերպիչները պարտավոր են ապահովել Եվրոպական խաղերի առավելագույն լուսաբանում: Նրանք նաեւ պետք ունենան հնարավորություն ռեպորտաժներ պատրաստել Ադրբեջանի սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ բնապահպանական իրավիճակի մասին: Սակայն Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ լրագրողների հավատարմագրումը չեղյալ կհամարվի, եթե նկատեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը վտանգ է սպառնում:
Նինա Օգնյանովան նաեւ նշել է, որ միջազգային հանրությունը քննադատաբար է մոտեցել վերոնշյալ փաստերին եւ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ներկա իրավիճակի առնչությամբ:
Կարդացեք նաև
Իսկ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան առաջին Եվրոպական խաղերը նշելու համար թողարկելու է «Իրական Բաքու 2015» (REAL BAKU 2015) ինովացիոն խաղը, որը դատապարտում է տասնյակ ակտիվիստների կամայական ձերբակալությունները: Խաղի հերոսը ոչ թե մարզիկ է, այլ ադրբեջանցի քաղաքական բանտարկյալ: Խաղացողը մրցում է բանտում: Օգտատերերը կարող են 5 մրցման մասնակցել. 100 մետրանոց բանտային վազք, ստվերային բռնցքամարտ, ցատկ, լող եւ թղթե գնդակով հրաձգություն:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ