Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատը՝ փաստաբան Լիանա Բալյանի մասնագիտական պարտականությունները կատարելու իրավունքի խախտման մասին

Հունիս 11,2015 13:05

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ՇԴ2/0004/01/15 քրեական գործով փաստաբան Լիանա Բալյանը իրականացնում է ամբաստանյալ` Մանվել Ինգլիզի Վարդանյանի պաշտպանությունը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242 -րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ:

2015 թվականի մայիսի 14-ին նշանակված հերթական դատական նիստի ժամանակ փաստաբան Լիանա Բալյանը Շիրակի մարզի դատախազի տեղակալ, գործով մեղադրող` Ա. Ավետիսյանին բացարկ է հայտնել:

Դատավոր` Ա. Մանուկյանը, փաստաբանի միջնորդությունը քննարկելու և որոշում կայացնելու նպատակով հայտարարել է ընդմիջում և հեռացել խորհրդակցական սենյակ: Այդ ընթացքում փաստաբան Լիանա Բալյանը դուրս է եկել դատարանի դահլիճից և փորձել է գնալ դատարանի գրասենյակ, որտեղ դատավարության որոշ մասնակիցներ, անծանոթ անձանց հետ միասին հարձակվել են փաստաբանի վրա, վերջինիս նկատմամբ` մասնագիտական պարտականությունները կատարելու կապակցությամբ սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ հնչեցրել:

Փաստաբան Լիանա Բալյանի անվտանգությունը հնարավոր է եղել ապահովել միայն դատական կարգադրիչների միջոցով, ովքեր շրջապատելով փաստաբանին բարձրացրել են դատարանի երկրորդ հարկ:

Միջադեպի վերջին պահը նկարահանվել էր «Առավոտ» թերթի լրագրող` Նունե Արևշատյանի կողմից: Մինչ 18:00-ն տևած դատական նիստի ողջ ընթացքում կարգադրիչներն ապահովել են փաստաբան Լիանա Բալյանի անվտանգությունը:

15.05.2015թ. նշանակված հերթական դատական նիստին փաստաբանը չի մասնակցել` մտահոգված լինելով իր անվտանգության մասին:

Հարձակման դեպքի առթիվ և մամուլում տարածված հաղորդագրության հիման վրա` Շիրակի Մարզի դատախազ Ր. Ասլանյանը ցուցում է տվել Գյումրու Մուշի ոստիկանության բաժնում կատարել հետաքննություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 3233-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում փաստաբանի կամ նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի համար` կապված նրա լիազորությունների իրականացման հետ:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից»:

ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խորը մտահոգություն հայտնելով փաստաբան Լիանա Բալյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները անարգել կատարելու իրավունքի խախտման փաստով, կոչ է անում պետական լիազոր մարմիններին կատարվածի կապակցությամբ իրականացնել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն  և պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:

 

 

ՀՀ Փաստաբանների պալատի

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930