«Նայեք, էսօր կռիվ-մռիվ չլինի, վսյո՛, հաշտ-համերաշխ»,- այսօր ԱԺ նիստը սկսվեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի այդ մաղթանքով՝ հաշվի առնելով, որ այս քառօրյայում ընդդիմադիր պատգամավորները բավականին թեժ վեճ էին ծավալում նիստի ընթացքում:
Իսկ նիստում քվեարկության դրվեց 2014-ի բյուջեի կատարողականը եւ ընդունվեց՝ կողմ 66, դեմ 17, ձեռնպահ 15 ձայների հարաբերակցությամբ, ինչից հետո Գալուստ Սահակյանը շնորհավորեց կառավարությանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ երեկ Մհեր Շահգելդյանի եւ իր երկխոսության հետ կապված որոշ ԶԼՄ-ներ բանսարկություններով են զբաղվել. «Ես գտնում եմ, որ ճիշտ վարվելակերպ չէ ինտրիգ փնտրել այնտեղ, որտեղ չկա: Մենք ունենք հրաշալի հարաբերություններ, խոսել ենք միմյանց հետ: Պարոն Շահգելդյանի խոսքն ինձ ուղղված չի եղել եւ ես ափսոսում եմ, որ էմոցիոնալ ռեակցիա է եղել, որը շատ աշխատանքային միջադեպ է: Խորհուրդ կտայի որեւէ մեկին չմխրճվել մեր հարաբերությունների մեջ, որը եղել է եւ կա շատ բարիդրացիական, ընկերական»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ եզրակացրեց. «Լրատվությունը փնտրտուքների մեջ է, որը անընդհատ փորձում է իր ծրագրերն իրագործել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ. Գ. Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է, որ երեկ տեղի ունեցած միջադեպից հետո. Երբ «Արզումանյանը դուրս եկավ ծխելու, նրան մոտեցան ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Իշխան Խաչատրյանն ու Լեւոն Դոխոլյանը եւ Արզումանյանին դուրս հրավիրեցին՝ ուղեկցելով ԱԺ այգի: Նրանց միացավ նաեւ Մհեր Շահգելդյանը: Այգուց բարձր տոնով ձայները հասնում էին մինչեւ շենք: Երբ պատգամավորները հարաբերություններ էին պարզում, նրանց մոտեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով ասում էր՝ եկեք ձեզ բարիշացնեմ: Մոտ 15-20 րոպե անց՝ «ռազբորկայի» գնացած պատգամավորները հետ վերադարձան»: