Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող 7 տարածքները անմիջապես պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Այս մասին, ըստ Oxu.az-ի, մեկնաբանելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների Եվրոպական խաղերի շրջանակներում սպասվող հանդիպումը, ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սավելիևը:
«Կարծում եմ հարցը կբարձրացվի Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում: Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել կարճ կամ միջին ժամանակահատվածում: Ես մի անգամ չէ, որ ասել եմ, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին կարճ ժամանակահատվածում, իսկ միջին ժամանակահատվածում բոլոր փախստականները պետք է վերադառնան Ղարաբաղի տարածք, ինչից հետո էլ պետք է տեղի ունենա լեգիտիմ հանրաքվե»,- մասնավորապես ասել է նա:
Պատգամավորը նշել է, որ միայն Ադրբեջանի քաղաքացիների վերադարձից հետո հնարավոր կլինի ԼՂ-ի կարգավիճակի հարցը լուծել: «Ղարաբաղը դե ֆակտո պետք է վերադառնա Ադրբեջանի կազմ: Ղարաբաղի հակամարտությունը ԽՍՀՄ-ի փլուզման արդյունք է եւ պետք է վերջանա: Հակամարտության լուծումն առաջին հերթին պետք է հայերին, քանի որ Հայաստանի տնտեսությունը վատ վիճակում է: Հայերը զանգվածաբար թողնում են երկիրը եւ հեռանում»:
Սավելիևը նաեւ ընդգծել է, որ հակամարտության լուծման դեպքում կբացվի Թուրքիայի հետ սահմանը. «Հույս ունեմ, որ այս հարցը կքննարկվի նախագահների հանդիպման ընթացքում ու կլինի Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման շարունակությունը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ