Հունիսի 10-ի երեկոյան հայտնի դարձան Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած ջութակահարները։ Մրցանակային տեղերի համար կպայքարի 5 մասնակից՝ Արդուխանյան Դավիթ (Ռուսաստան), Ֆրապիեր Պիեռ (Ֆրանսիա), Վարդանյան Մարիամ (Հայաստան), Օբիսո Անդրեա (Իտալիա), Միլետիչ Իվա (Սերբիա)։
Հունիսի 12-ին և 13-ին մասնակիցները երրորդ փուլում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կկատարեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Մոցարտի Ջութակի կոնցերտ No.3։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС): Մրցույթի փուլերը գլխավոր հովանավոր «Յուքոմ» ընկերության շնորհիվ ուղիղ հեռարձակվում են առցանց՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայքում:
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ