Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց տեղական ինքնակառավարման մարմիններում հաջողություններ ունենալու՝ անհնար է. «Հայոց աշխարհ»

Հունիս 11,2015 12:27

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ

  -Այս անգամ էլ ընդդիմությունը չմասնակցեց ՏԻՄ ընտրություններին։ Ինչո՞ւ է նրանց վերաբերմունքն այդքան զրոյական:

– Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը աշխատատար գործընթաց է, մեծ էներգիա է պահանջում, նախքան ընտրական փուլին հասնելը տվյալ քաղաքական ուժը պետք է անընդհատ «պուլսի» վրա պահի մատը, այսինքն՝ ունենա տարածքային կազմակերպություններ, ակտիվ կապ համայնքների հետ, զգա ամեն համայնքի տրամադրությունը, այսպես ասած` շնչառությունը եւ կարողանա համարժեք վերաբերմունք արտահայտել: Բայց միայն այսքանն էլ բավական չէ, նաեւ պետք է ունենա համապատասխան` անցողիկ, մրցունակ թեկնածու:

Այս ամենը, ինչպես ասացի` մեծ աշխատանք է պահանջում: Իսկ ընդդիմադիրները չեն ուզում այդ աշխատանքներն անել: Չնայած ընդդիմության ակտիվ մասնակցությանը խանգարում են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց ընդդիմադիր դաշտի հիմնական նպատակն այլ է` նվաճել Ազատության հրապարակը, այդ հրապարակից իշխանափոխության մասին հայտարարություններ անել: Եթե հետեւեք ընդդիմության վերջին տարիների քայլերին, կհամոզվեք դրանում:

Իհարկե, կան նաեւ քաղաքական ուժեր, որոնք շատ լավ են գիտակցում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու կարեւորությունը եւ այդ ուղղությամբ հնարավորինս աշխատանքներ կատարում են:

  -Եթե ընդդիմադիր կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում, չի ներկայացնում իր ծրագրերը, չունի համայնքի բնակչության վստահությունը վայելող թեկնածու, ինչպե՞ս կարող է հավակնել հաջողությունների հասնել համապետական ընտրությունների ժամանակ: 

-Լիովին համաձայն եմ: Իհարկե, չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժ չի գիտակցում այդ պարզ ճշմարտությունը` առանց տեղական ինքնակառավարման մարմիններում հաջողություններ ունենալու անհնար է քաղաքականության մեջ մեծ արդյունքների հասնել:

Կան կուսակցություններ, որոնք կարեւորելով այդ հանգամանքը՝ որոշակի քայլեր անում են: Տեղական ինքնակառավարման մարմիններում, օրինակ, ներկայացվածություն ունեն ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը։ Սրանք այն կուսակցություններն են, որոնք այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարում են, բայց, դրանով հանդերձ, ցածր է ընդդիմության ակտիվությունը: Դա է վկայում այն, որ նրանք ոչ բոլոր տեղերում ունեն տարածքային կառույցներ, ոչ ամենուր ունեն իրենց մրցակցային թեկնածուները:

Այո, ՏԻՄ ընտրությունները համապետական ընտրությունների հիմքն են, իսկ ընդդիմությունը դրանց ակտիվ չմասնակցելով զարմանում է` այդ ինչպե՞ս եղավ, որ համապետական ընտրությունների ժամանակ Հանրապետականը հաղթեց այս կամ այն մարզում: Դրա պատասխանն այն աշխատանքն է, որ կատարում է ՀՀԿ-ն մշտապես: Ու այդ աշխատանքը, անշուշտ, իր դրական արդյունքն ունենում է համապետական ընտրությունների ժամանակ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930