Ինչպես հայտնի է, ֆրանսիական Կանն քաղաքում հունիսի 5-8-ին կայացած հեղինակավոր MIDEM միջազգային երաժշտական փառատոնի պատվավոր հյուրն էր (Country of Honor) Հայաստանը, որը ներկայացված էր տարաբնույթ համույթներով՝ «Դորիանս» ռոք-խմբից և աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանից մինչև ազգագրական խմբեր և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ (ՀՊԵՆ)։ Փառատոնի շրջանակներում կազմակերպվել էին նաև հայ նկարիչների և դիզայներների ցուցահանդեսներ։
Փառատոնին ներկա գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ինչպես Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարար տիկին Ֆլյոր Պելերենը (Fleur Pellerin), այնպես էլ համաշխարհային երաժշտական ինդուստրիայի տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչներ առաջարկել են իրականացնել Ֆրանսիայում, և, հատկապես՝ Հայաստանում համատեղ խոշոր նախագծեր։
Հունիսի 7-ին Կանն քաղաքի Debussy համերգասրահում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՊԵՆ-ի համերգը, որն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերով:
Ծրագրի առաջին հատվածում նվագախումբը կատարել է Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք» ստեղծագործությունը, Արամ Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար, մենակատար՝ Նարեկ Հախնազարյան (թավջութակ), Քշիշտոֆ Պենդերեցկու Ադաջետոն «Կորած դրախտը» օպերայից: Երկրորդ հատվածում հանդիսատեսին են ներկայացվել Կլոդ Դեբյուսիի «Ծովը», հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից:
Կարդացեք նաև
Նշենք նաև, որ նախորդ օրը՝ հունիսի 6-ին Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարար տիկին Ֆլյոր Պելերենը (Fleur Pellerin) ՀՊԵՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին պարգևատրել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով։
Ուշագրավ է, որ այդ շքանշանը կարող են ստանալ 30 տարեկանից բարձր այն արվեստագետները, որոնք արվեստի ու գրականության բնագավառում նշանակալի ձեռքբերումներ ունեն։ Սակայն՝ մեջբերում Ֆրանսիայի համապատասխան օրենքից․ «․․․բացառիկ արժանիքներով թեկնածուների դեպքում տարիքն անտեսվում է»։ Նշենք, որ Մաեստրո Սերգեյ Սմբատյանը 27 տարեկան է։
Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ