Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտներն ավելի փոքր տարիքից են դպրոց հաճախել, որն էլ իր բացասական ազդեցությունն է թողել

Հունիս 11,2015 10:16

2014-2015 ուստարվա ավարտին Քաշաթաղի շրջանի 51 հանրակրթական դպրոցներից 9-րդ դասարանն ավարտում են ընդամենը 78 աշակերտ՝ 29 դպրոցներից: 12-ամյա կրթության ծրագրի շրջանակներում այս աշակերտներն առաջիներն են, որ հինգ ու կես տարեկանում ընդունվեցին առաջին դասարան: Այս է պատճառը, որ համեմատած անցած տարիներին՝ 9-րդ դասարանցիների թիվը փոքր է:

Հունիսի 10-ին շրջանի 5 քննական կենտրոններում կայացավ ավարտական քննություն մաթեմատիկայից: Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցում քննություն հանձնեցին նաև Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2, Քարեգահի, Սուսի Սերոբ Հանեյանի անվ. և Սոնասարի Սամսոն Կյուրեխյանի անվ. միջնակարգ և Հոչանցի Ալվարդ Վարդանյանի անվ. հիմնական դպրոցների թվով 23 աշակերտ:

Hashatax_qnnutyunner_2

Քննական կենտրոնի ղեկավար, Բերձորի թիվ 1 միջնակարգի տնօրեն Անահիտ Քոսակյանը տեղեկացրեց, որ նույն աշակերտները հայոց լեզվի քննությունից ստացել են դրական գնահատական: Իրենց կրթօջախի 9 աշակերտներից 18 միավոր է ստացել Հասմիկ Մարտիրոսյանը, իսկ Նոնա Սահակյանը՝ 17: Բերձորի թիվ 2 միջնակարգի 9 աշակերտներից համեմատաբար բարձր՝ 16 միավոր, ստացել է Տիգրան Մատինյանը:

ԼՂՀ ԿԳՆ ԳԹԿ ներկայացուցիչ Արայիկ Պետրոսյանը նշեց, որ կենտրոնում աշխատանքները լավ են կազմակերպված, աշակերտները եկել են ժամանակին: Գոհ էր նաև հանձնախմբի անդամների (Համբարձում Արզանյան-Բերձորի թիվ 2 միջ. դպրոցի տնօրեն, Վոլոդյա Գալստյան-Քարեգահի դպրոցի տնօրեն և Աստղիկ Ավետիսյան-Սուսի դպրոցի տնօրեն) աշխատանքից:

Hashatax_qnnutyunner_3

Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը տեղեկացրեց, որ քննական կենտրոններ են գործում նաև 4 այլ դպրոցներում: Կովսականի դպրոցի տնօրեն, կենտրոնի ղեկավար Սերոբ Քարամյանը հեռախոսով տեղեկացրեց, որ իրենց մոտ քննություն են հանձնում նաև Միջնավան քաղաքի և Վան, Ծոբաձոր, Ալաշկերտ, Դիցմայրի գյուղերի 13 իններորդցի, որից վեցը՝ Կովսականից: Ասաց նաև, որ հայոց լեզվի քննությունից Ալաշկերտի և Վանի դպրոցներից 1-ական աշակերտ ստացել են 7 միավոր: Առավելագույնը եղել է 14 միավոր, որն ստացել է իրենց դպրոցի սան, սիրիահայ Տոնի Մեղեդին:

Ս. Քարամյանն անդրադարձավ նաև 12-րդ դասարանցիների քննություններին՝ նշելով, որ իրենց դպրոցի 6 շրջանավարտներից 2 աշակերտ հանձնում են միասնական քննություններ. սիրիահայ Եվա Տոնապետյանը քննություններ է հանձնում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ ընդունվելու համար, իսկ Քնարիկ Սայադյանը ցանկանում է ընդունվել ԱրՊՀ ռուսաց լեզվի բաժին: Արևիկ Մարուքյանն էլ արդեն հարցազրույցի է մասնակցել՝ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ ընդունվելու նպատակով:

Այգեհովիտի միջնակարգ դպրոցում (ղեկավար՝ Մարիցա Հարությունյան) քննությանը մասնակցում են նաև Սարատակի, Իշխանաձորի, Հայկազյանի, Կումայրիի, Ծաղկաբերդի, Աղավնատան և Ուռեկանի աշակերտները: Եվս 2 կենտրոն գործում են հյուսիսային թևում՝ Մոշաթաղում (ղեկավար՝ Նաիրա Սարգսյան)՝ Միրիկի, Տանձուտի և Լեռնահովիտի դպրոցների ընդգրկմամբ և Վարդուտում (ղեկավար՝ Ալբերտ Տոնոյան) Ղազարապատի, Վաղազինի, Արտաշավիի և Բազմատուսի դպրոցներով:

Խոսելով աշակերտների քննական արդյունքների մասին՝ Վ. Մովսիսյանը նշեց, որ համեմատած անցած տարիների՝ արդյունքները ցածր են, 4 աշակերտ չեն հաղթահարել դրական շեմը: Հիմնական պատճառն այն է, որ այս աշակերտներն ավելի փոքր տարիքից են դպրոց հաճախել, որն էլ իր բացասական ազդեցությունն է թողել, հավելեց Վ. Մովսիսյանը: Մաթեմատիկայի քննության արդյունքները կամփոփվեն 2-3 օրից:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930