Լրահոս
Օրվա լրահոսը

Ելնել «պոտենցիալ հանցագործի» կանխավարկածից

Հունիս 11,2015 10:06

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին անցնում ընդունելության քննությունները 10 տարի առաջ՝ հաղորդումներ կաշառակերության մասին, կրկնուսույցների պայքարը ընդունող հանձնաժողովի եւ թեստերի դեմ, բողոքի ցույցեր եւ այլն: Աժիոտաժը համեմատելի էր ընտրությունների ժամանակ տեղի ունեցող «տուրուդմփոցների» հետ: Հիմա այդ քննությունները հետաքրքիր են միայն երեխաներին եւ նրանց ծնողներին՝ արդեն մի քանի տարի է, որ դրանք լրատվամիջոցների գլխավոր թեման չեն: Պատճառները տարբեր են, մասնավորապես՝ այն, որ շատ տեղերում մրցույթ չկա, եւ հակառակը՝ տեղերը թափուր են մնում. լավ է դա, թե վատ՝ բուհ ընդունվելը դադարել է լինել կյանքի եւ մահու պայքար:
Ինչպես անել, որ ընտրությունները նույնպես դառնան առօրեական մի երեւույթ, եւ իշխանություն ունենալ-չունենալը նույնպես չլինի կյանքի իմաստ, երկրային բերկրանք կամ սարսափելի ողբերգություն: Հիմա այդպես չէ՝ իշխանավորը մտածում է. «Ես այդքան բան ունեմ, այդքան մեղքեր եմ գործել՝ այդ ամենն ունենալու համար, եւ հանկարծ ինչ-որ մարդիկ ինչ-որ թղթեր գցեն արկղի մեջ, եւ ես այդ ամենից զրկվեմ եւ գուցե հետապնդվեմ: Ոչ, թույլ չեմ տա, միայն իմ դիակի վրայով»: Ընդդիմադիրներն էլ միայն ասում են, թե պայքարում են ժողովրդավարության եւ արդարության համար եւ հենց այդ առումով են սպառնում հետապնդումներով ու կախաղաններով, իսկ իրականում մտածում են. «Ես հիմա կգամ, նրանց ձեռքից ինչ ունեն-չունեն կխլեմ, ինքս կվայելեմ, բայց մի քիչ ավելի քիչ կուտեմ, որ ժողովուրդն ինձ սիրի»: (Իրականում «քիչ ուտելը» չի ստացվում): Ահա եւ առաջանում է կյանքի-մահու պայքար:

Լուծումն այն է, որ իշխանությունն այդքան գայթակղիչ չլինի, որ այն ամեն քայլափոխի սահմանափակվի օրենսդրական եւ հասարակական մեխանիզմներով, որ իշխանավոր լինելը լինի պակաս «հարմարավետ», քան բարձր վարձատրվող ցանկացած այլ աշխատանք: Պետական փիլիսոփայությունն ամբողջությամբ պետք է հիմնված լինի այն կանխավարկածի վրա, որ բոլոր միջինից բարձր պաշտոնյաները պոտենցիալ հանցագործներ են, եւ, հետեւաբար, նրանից պետք է սպասել ցանկացած չարաշահում:
Բերեմ փոքրիկ օրինակ: Բրիտանական օրենսդրության մեջ կա մի նորմ, որը կոչվում է «փարդա»: «Վարագույր» նշանակող պարսկերեն այս բառը տվյալ դեպքում ոչ կնոջ դեմքի, ոչ էլ խորովածի հետ կապ չունի: «Փաթաթվում» է այս պարագայում կառավարության գործունեությունը: Իմաստն այն է, որ ընտրություններ կամ հանրաքվե հայտարարելուց հետո մինչեւ քվեարկության ավարտը կառավարությունը հանդես չի գալիս որեւէ նախաձեռնությամբ կամ հայտարարությամբ, որը կարող է առավելություն տալ ընտրական գործընթացին մասնակցող որեւէ կողմի։ Բրիտանիայում, ինչպես հայտնի է, սպասվում է հանրաքվե ԵՄ անդամակցության վերաբերյալ, եւ Դեւիդ Քեմերոնի կաբինետը այս անգամ ցանկանում է, որ համապատասխան ժամանակաշրջանում «փարդան» չգործի (հավանաբար, վստահ չէ, որ բրիտանացիների մեծամասնությունը կողմ կլինի ԵՄ-ում մնալուն), ինչի համար արժանանում է թե իր կուսակցության եւ թե լեյբորիստ պատգամավորների քննադատությանը։ Թե «այո» եւ թե «ոչ» ասողները մտահոգված են օրենքի տառը պահպանելու առթիվ:

Մեզանում ոչ օրենքը կա, ոչ էլ մտահոգվածները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930