Ռուսաստանցի փորձագետ, վերլուծաբան Վադիմ Դուբնովի կարծիքով`
ով էլ Հայաստանում առաջնորդ դառնա, խաղալու է ստեղծված կառավարման կանոններով:
– Պարոն Դուբնով, Հայաստանն ու ԵՄ-ն կրկին քննարկում են համաձայնագիր ստորագրելու հնարավորությունները: Սերժ Սարգսյանը մասնակցեց Ռիգայի` Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովին եւ հստակ նշեց, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ իրավական նոր փաստաթուղթ ստորագրել: Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը դարձյալ արգելի Հայաստանին ԵՄ-ի հետ գնալ հարաբերությունների խորացման:
– Նախ այն, ինչ հնարավոր էր, դուք արդեն ստացել եք երկու տարի առաջ` սեպտեմբերի 3-ին: Թե դրանից հետո էլ ինչ կարելի է ստանալ Ռուսաստանից՝ չգիտեմ, որովհետեւ մի քանի տարվա կտրվածքով դուք արդեն կորուստներ ստացել եք: Ռուսաստանից հնարավոր են առօրեական նվաստացումներ, բայց դրանք ոչինչ են: Աստված մի արասցե, որ Գյումրիի իրադարձությունների նման գործընթացներ լինեն, այս տեսանկյունից ոչինչ չի փոխվի: Ավելի վատ արդեն չի լինի, բայց վստահ եմ, որ Մոսկվան հաստատ Հայաստանին չի խանգարի ԵՄ-ի հետ համատեղ ծրագրերում, օրինակ` թոքախտի կամ ընտանիքի բռնության հարցերով:
– Բայց խոսքը գնում է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի մասին, եւ բացի քաղաքական բաղադրիչից՝ նաեւ տնտեսական բաղադրիչի հնարավորությունների շուրջ են, կարծես, քննարկումներ ընթանում: Կարծում եք ԵՄ-ն Հայաստանի հետ լուրջ փաստաթուղթ չի՞ ստորագրի:
Կարդացեք նաև
– Հաշվի առնելով այն, ինչ հայտարարվել է, կարծում եմ՝ ոչ: Ինչ վերաբերում է մտադրությունների մասին արձանագրություններին, ապա դրանց վերաբերյալ գեղեցիկ փաստաթուղթ կարող է ընդունվել, համաձայն որի՝ դուք պարտավորվելու եք բարելավել, բարեփոխել, վերափոխել եւ այլն, այս հարցերում ԵՄ-ն ձեզ, իհարկե, կաջակցի:
– Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ապագա է սպասվում Եվրասիական տնտեսական միությանը: Ակնհայտ է, որ այդ կառույցում ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ծագում, մեկ Նազարբաեւը, մեկ Լուկաշենկոն ընդդիմանում են այս կամ այն հարցում:
– Եվրասիական միությանը երջանիկ ապագա չի սպասվում, որովհետեւ նրա առջեւ խնդիրներ դրված չեն, այդ կառույցից ինչ-որ լուրջ գործողություններ չեն պահանջվում: Այդ կառույցը ստեղծվել է բացառապես նրա համար, որպեսզի գոյություն ունենա: Մինչդեռ արդյունավետ գործելու խնդիր, ինչ-որ բաներ փոխելու պահանջ այդ կառույցից որեւէ մեկը չի էլ պահանջում: Դա մի քաղաքական պրոյեկտ է, որի նպատակը գործընկերներին դրդելն է ինչ-որ քայլերի, ինչ-որ իրավիճակներում: Բայց գործընկերների հարցում էլ առանձնապես Ռուսաստանի բախտը չի բերել. Ալեքսանդր Գրիգորեւիչ Լուկաշենկոյի հետ «առուծախի» մեջ չես մտնի, Նուրսուլթան Աբիշեւիչն էլ իր գաղափարներն ունի, իսկ այն, որ Սերժ Ազատիչը կարող է չհամաձայնել` շատ բան դրանից չի փոխվի: Այնպես որ՝ Եվրասիական տնտեսական միությունը որեւէ վտանգ չի ներկայացնում իրենից, որովհետեւ չկա որեւէ բան, որը կարելի է վտանգի ենթարկել:
– Ինչպե՞ս եք գնահատում ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա այդ` բավական տպավորիչ հարաբերությունները կարո՞ղ են ազդեցություն ունենալ` ոչ հայանպաստ զարգացումների առումով:
– Չեմ կարծում: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները ածանցյալ են նրան, ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը, իսկ Ադրբեջանը ընտրել է ուժային կենտրոններից մաքսիմալ հեռու մնալու մոդելը: Այսինքն՝ առկա է երեք տարբերակ` հայկական կոմպլեմենտարիզմը, վրացական` դեպի արեւմտյան քաղաքականությունը` պայմանականորեն, եւ ադրբեջանական` հեռու մնալու քաղաքականությունը: Ադրբեջանն այդ «խաղն» է տանում, դա պայմանավորված է ներքաղաքական ընտրությամբ:
– Իսկ Ռուսաստանն ի՞նչ «խաղ» է տանում Հարավային Կովկասում:
– Ռուսաստանը որեւէ «խաղ» չի խաղում: Ռուսաստանն իր շահերն է հետապնդում Հարավային Կովկասում, որը նա ոչ մի կերպ չի կարողանում ձեւակերպել, թեեւ ակնհայտ է, որ այդ շահերը պետք է լինեն: Իրականում այդ շահերը ձեւակերպելը բարդ է, ինչը բնական է: Հարավային Կովկասի երկրների նկատմամբ ունեցած իմ ակնածանքով հանդերձ՝ ասեմ, որ մյուս կողմից՝ առանձնապես նրանք ռազմավարական տեսանկյունից չեն հետաքրքրում ոչ մեկին:
– Հետաքրքիր է, իսկ մեզ թվում է, թե առանց Հարավային Կովկասի Ռուսաստանը չի կարող իր դիրքերը պահպանել:
– Ռուսաստանը կարող է գոյատեւել առանց Հարավային Կովկասի: Ուղղակի նրան պետք է իր ներկայությունը մարմնավորել եւ հետաքրքրություններն իրագործել, որտեղ էլ վտանգներ կան, որովհետեւ դրանց մեջ են ենթակառուցվածքային ու ճանապարհների ծրագրերը` Հայաստանով, Վրաստանով եւ այլն: Բայց դրանց իմաստը չկա, որովհետեւ չկան իրապես ձեւակերպված հետաքրքրություններ:
Մշտապես Հարավային Կովկասի երկրներից Ռուսաստանին նախեւառաջ հետաքրքրել է Ադրբեջանը թե՛ տնտեսական շահերի առումով, թե՛ բոնուսների ակնկալիքների հարցում` ոչ ֆորմալ առումով, այդ իսկ պատճառով Ադրբեջանի հետ ամուր աշխատանքներ են տարվել:
Ադրբեջանի անկախության առաջին տարիներին ադրբեջանական թրենդը հակամոսկովյան էր, այն առավելապես արեւմտամետ էր: Բայց հիմա Իլհամ Ալիեւը Արեւմուտքի հետ շփումներում որոշակի բարդություններ ունի: Ոմանք կարծում են, որ Բաքվում հաղթել են Մոսկվայի աջակիցները: Իմ կարծիքով՝ Մոսկվայի կողմնակիցներ Ադրբեջանում իսկապես կան, նրանք իրոք ակտիվ են, նրանք հաստատվել են Ալիեւի իշխանական բուրգում, իսկ նա հրաշալի ղեկավարում, զսպում է նրանց: Մոսկվայում էլ դա գիտակցում են, եւ այն խոսակցությունները, թե իբր Ադրբեջանը կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, լուրջ չեն, Իլհամ Հեյդարովիչը այդ ամենը չի ստեղծել, որպեսզի մի գեղեցիկ առավոտ հայտնվի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում:
– Ի՞նչ կասեք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին: Օրինակ՝ շատ է խոսվում այն մասին, որ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հարաբերությունները խնդրահարույց են… Հայ-ռուսական հարաբերություններում` նույնիսկ 2013-ի սեպտեմբերի 3-ից՝ Հայաստանի կայացրած որոշումից հետո, խնդիրներ կա՞ն Ձեր կարծիքով:
– Չեմ կարծում: Ավելին, իմ տպավորությամբ՝ այդ հարաբերություններն այնքան համահունչ են, որ որեւէ խնդիր չի կարող լինել: Մոսկվան անկեղծորեն տարբերություն չի դնում անձերի միջեւ: Մոսկվային դուր է գալիս Սերժ Սարգսյանը միայն այն բանի համար, որովհետեւ նա վաղուց է աշխատում իրենց հետ, հետեւաբար նրանք չեն ցանկանա ոչինչ փոխել: Բայց եթե հանկարծ Ռոբերտ Սեդրակովիչը հայտնվի… Բայց միեւնույն է՝ ով էլ Հայաստանում առաջնորդ դառնա, նա խաղալու է Հայաստանում ստեղծված կառավարման մոդելի կանոններով, դեռ շատ երկար ժամանակ ոչինչ չի փոխվելու, եւ հենց դրանում է Հայաստանի խնդիրը եւ Ռուսաստանի երաշխիքը, որ Մոսկվային այստեղ ոչինչ չի սպառնում իր շահերին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.06.2015