Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստանյանի մատ թափ տալն ու ՀՀԿ-ի արձագանքը

Հունիս 11,2015 15:30

Դա նույնն է, ինչ մարդուն մեղադրեն շիկահեր կամ սեւահեր լինելու մեջ

ԱԺ-ում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հաշվետվության ներկայացման ժամանակ քննարկման հիմնական թեման դարձավ Գեւորգ Կոստանյանի «ժեստիկուլյացիան», որի մասին խոսել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա քննադատել էր Գեւորգ Կոստանյանին ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելիս ցուցամատը թափ տալու համար: Սակայն Գեւորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում բացատրեց, որ ժեստիկուլյացիան մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ է, միջոց է, եւ որ նույն ժեստիկուլյացիայով խոսում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեր հարցին՝ Դուք է՞լ եք մատ թափ տալով խոսելը համարում մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ, պատասխանեց. «Ընդհանրապես իմ կողմից ընդունելի չէ մատ թափ տալով մարդկանց հետ խոսելը: Մարդկանց պետք է բացատրել, խոսել: Եթե ոչ մասնագետներ են, հարց են բարձրացնում, ու գտնում է, որ չեն հասկանում, համապատասխան մարդկանց միջոցով կարելի է այդ ամեն ինչը բացատրել: Ընդհանրապես դեմ եմ մարդկանց հետ այդպես խոսելուն, բայց բոլորը սովորական մահկանացուներ են, կարող են ներվերը տեղի տալ: Բնականաբար, երկկողմանի է դա լինում»:

Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ ընդդիմությունն էլ անընդհատ մատը թափ տալով է խոսում. «Դա մեր իշխանության վրա այդքան ազդեցություն չի գործում, աշխատում ենք մեղմվի: Նման երեւույթներ լինում են, որ սահմաններից դուրս են գալիս, հաթաթաներով, բանով: Բայց դա հարցի լուծում չի կարող տալ որեւիցե անգամ: Բոլորի վախը արդեն չափել են ժամանակին, եւ ինձ չի թվում, որ այդպես հաթաթաներով կարելի է խոսել, կարելի է խոսել քաղաքական լեզվով կամ մասնագիտական լեզվով»:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Կոստանյանի՝ մատ թափ տալու եւ նրա ժեստիկուլյացիայի մասին խոսելիս ասաց. «Ես երբեւէ չեմ տեսել, որ ոչ գլխավոր դատախազը, ոչ էլ հանրապետության որեւէ պաշտոնյա որեւէ քաղաքացու հետ, այդ թվում նաեւ պետական պաշտոնյայի հետ խոսի մատ թափ տալով: Ես նման դեպք չգիտեմ: Որեւէ պետական պաշտոնյա նման իրավունք չունի: Իսկ եթե խոսքն ընդհանուր ժեստիկուլյացիայի մասին է, դա մարդուն բնորոշ առանձնահատկություն է: Յուրաքանչյուր մարդ ունի իրեն բնորոշ ժեստիկուլյացիան, այդ թվում նաեւ՝ խոսելաոճի առումով: Դրանում ոչ դրական, ոչ բացասական հանգամանք չկա: Դա նույնն է, ինչ մարդուն մեղադրեն շիկահեր կամ սեւահեր լինելու մեջ, նույնքան անհավանական է»:

Ըստ Սամվել Ֆարմանյանի՝ դատախազության տարեկան հաղորդումն ԱԺ-ում այնքան էլ բուռն չանցավ. «Խորհրդարանական մեր մշակույթից ելնելով, դատաիրավական ոլորտում գոյություն ունեցող իրավիճակից ելնելով՝ կարելի էր ակնկալել, որ կարող էր ավելի բուռն լինել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930