Լրահոս
Օրվա լրահոսը

«Նյութին ոչ թե որպես գրող, այլ որպես լուսանկարիչ եմ մոտեցել»

Հունիս 11,2015 15:00

«Առավոտի» հետ զրույցում ասում է Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

– Պարոն Հարությունյան, Ձեր «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» գրքի հրապարակումից արդեն բավական ժամանակ է անցել: Ի՞նչ կասեք, իրականացա՞ն Ձեր ակնկալիքները:

– Այո, վեց ամսից ավելի ժամանակ է անցել: Մեկ բան հստակ է՝ Հայաստանում կա մարդկանց լայն մի շրջանակ, որ կարեւորում է այս թեման: Ուրախալի է, որ այդ շրջանակում ընդգրկված են տարբեր հետաքրքրությունների տեր ու տարբեր տարիքի մարդիկ: Հատկապես ուրախացնում են երիտասարդները: Եթե 40-50 եւ ավելի տարիք ունեցող մարդիկ հետաքրքրվում են թեմայով ու գրքով, որովհետեւ այն անդրադառնում է իրենց ապրած տարիներին եւ ինչ-որ իմաստով նրանցից յուրաքանչյուրի կենսագրության մաս կարող է համարվել, ապա երիտասարդների համար այն անհայտ իրականության պատմություն է: Երիտասարդները շատ ավելի լավ գիտեն միջնադարը, քան խորհրդային շրջանի պատմությունը, եւ այդ շրջանի բարքերը մինչեւ վերջ հասկանալ չեն կարողանում: Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես էին գրքի մասին լսում ու այն քննարկում Ազգագրության ինստիտուտում կամ Պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները: Ուրախացնող էին գրքի հետ կապված երիտասարդ լրագրողների հարցերը: Կարեւոր է եղել եւ կարեւոր է մասնագետ-պատմաբանների կարծիքները: Ոմանք բավարարվել են ինձ զանգահարելով եւ իրենց կարծիքն ասելով, ոմանք իրենց կարծիքն ասել են հրապարակավ: Բոլոր դեպքերում էլ եղել են դրվատանքի խոսքեր, եւ ընդգծվել է գրքի կարեւորությունը: Գրքի վրա աշխատելիս իմ գերխնդիրն է եղել անաչառության ապահովումը: Այս հանգամանքն ինձ համար ավելի քան կարեւոր է, առավել եւս, որ ինքս էլ այս գրքի «հերոսներից» մեկն եմ: Նաեւ ուրախ եմ, որ երբեւէ ընթերցողն ինձ մյուսներից առանձնացված ու արհեստական գույներով գունավորված հերոսի դերում տեսնել չի կարող:

– Գո՞հ եք արդյոք արդյունքներից: Հատկապես ի՞նչ թերություններ կնշեք:

– Արդյունքներից գոհ եմ, բայց կարող էր ավելի լավ լինել: Այս ընթացքում ահագին թերություններ եմ նկատել: Կան գրքում ներառված մարդկանց կենսագրական տվյալների սխալներ: Օրինակ՝ մարդը վախճանվել է, բայց նշված է, թե ապրում է այսինչ կամ այնինչ քաղաքում: Կան մարդիկ, որոնց անունները պետք է ընդգրկված լինեին գրքում, բայց չկան: Սա ամենալուրջ թերությունն է: Ուղղակի նոր անուններն ինձ հայտնի են դարձել գրքի հրապարակումից հետո: Շատ դատավճիռներ են բացակայում: Կան քր. օրենսգրքի սխալ նշված հոդվածներ, ինչն իմ անուշադրության հետեւանք է: Գիրքն անպայման պետք է ունենար անվանացանկ ու ծանոթագրություններ, բայց չունի: Շատ բան պետք է շտկվի, բայց դա արդեն ապագայի խնդիր է, ու դեռ հարց է՝ կանդրադառնա՞մ դրան, թե՞ ոչ:

– Ինչքանո՞վ եք բավարար համարում այս մարդկանց նկատմամբ եղած վերաբերմունքը: Ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել կամ արվում:

– Այս մարդկանց նկատմամբ անհրաժեշտ վերաբերմունքի հիմքը դնելու իսկական ժամանակը 90-ական թվականներն էին, հատկապես՝ 90-ականների առաջին կեսը: Այդ շրջանն ավելի քան նպաստավոր էր: Ոգեւորության ու արժեքների վերագնահատման շրջան էր: Կարելի էր եւ արխիվները բացել, եւ Հայաստանի անկախացման, ժողովրդավարացման ու մարդու իրավունքների համար դատապարտված մարդկանց ցուցակներն ամբողջացնել, եւ նրանց մասին առանձին օրենք ընդունել, եւ քրեական գործերին անդրադառնալ, եւ լյուստրացիայի մասին օրենքը մշակել: Ինձ համար դժվար է այս թեմայով խոսելը, որովհետեւ ինքս այդ մարդկանցից մեկն եմ, բայց հիմա ավելի շատ խոսում եմ ոչ թե որպես ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ, այլ որպես «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» գրքի հեղինակ: ԽՍՀՄ նախկին հանրապետություններից քաղբանտարկյալներ եղել են Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից ու Մերձբալթյան երեք հանրապետություններից: Հայաստանից ու Ռուսաստանից բացի՝ մնացած բոլոր հանրապետություններում էլ այս մարդիկ հատուկ վերաբերմունքի են արժանացել:

Ուկրաինայում, օրինակ, հրապարակվում են հանրագիտարաններ ու գրքեր նրանց ու նրանց արած գործի վերաբերյալ, նրանցից ոմանք հռչակված են Ուկրաինայի հերոսներ, կալանավայրերում զոհվածների անուններով փողոցներ են անվանակոչված, թոշակներ են նշանակված: Նույն վիճակն է Մերձբալթյան հանրապետություններում:

Տարօրինակ է, բայց հետխորհրդային Ուկրաինայում 1990-ականների առաջին կեսին իշխանության ղեկին կոմունիստ Կրավչուկն էր, նրան հաջորդած Կուչմային էլ դեմոկրատ չես անվանի, իսկ Հայաստանում իշխանության էին եկել բոլորովին նոր, ոչ կոմունիստական ուժեր, բայց մերոնք Հայաստանի անկախացման ու ժողովրդավարացման համար մղված պայքարն ընդհանրապես անտեսեցին: Խորհրդային ռեժիմի դեմ պայքարած ու այդ պայքարի արդյունքում հալածված ու դատապարտված մարդկանց արհեստականորեն ներառեցին ստալինյան հալածանքների զոհ դարձած բռնադատվածների մի քանի տասնյակ հազարանոց ցուցակների մեջ՝ հանելով իրենց օրակարգից այս թեմային ու այս մարդկանց անդրադառնալու անհրաժեշտությունը: Դրանով ջնջվեց ոչ միայն Հայաստանի անկախության, ազգային ինքնության պահպանման ու մարդու իրավունքների համար մղված 30 եւ ավելի տարիների պայքարը, այլ նաեւ աղավաղվեց Հայաստանի խորհրդային շրջանի պատմությունը, որովհետեւ այս շարժումները այդ շրջանի երեւույթներ ու խորհրդային պատմության նշանակալի մաս էին: Նման մոտեցման իրական դրդապատճառներն այդպես էլ անհասկանալի մնացին: Հայաստանի անկախ հանրապետությունը երբեք եւ ոչինչ չարեց այս մարդկանց վաստակը գնահատելու համար:

Դրությունն ինչ-որ չափով շտկելու մի քանի անհաջող փորձեր նախաձեռնվել են: 1996-ին թեմային անդրադառնալու եւ ինչ-որ բան անելու պատրաստակամություն հայտնեց ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը: Հանդիպում կազմակերպվեց ԽՍՀՄ այլախոհներից բաղկացած մի պատվիրակության հետ, ինչին, սակայն, ոչինչ չհետեւեց: Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին շրջանում նմանատիպ մի հանդիպում ծրագրվեց ու կազմակերպվեց, նույնիսկ հանդիպման օրն ու ժամը հստակեցվեց, բայց ամենավերջին պահին այն խափանվեց: Նաեւ Սերժ Սարգսյանին է հուշվել այս մարդկանց վաստակը գնահատելու միտքը: Նման գնահատականն առաջին հերթին պետք է պետությանը: Պետությունը, որն իր լինելիության համար պայքարած ու պայքարող մարդուն չի գնահատում, լիարժեք համարվել չի կարող: ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալների նկատմամբ դրսեւորված այդ մոտեցումը դարձավ կանոն, ու դրա նմանությամբ ձեւավորվեց արցախյան պատերազմի մասնակիցների նկատմամբ առկա վերաբերմունքը: Պատերազմին մասնակցած, պատերազմի ողջ ծանրությունը սեփական ուսերին կրած, մարտադաշտում վիրավորված ու հաշմանդամ դարձած նախկին մարտիկները մոռացության մատնված՝ հուսահատության ու աղքատության մեջ են ապրում:

– Դուք վերեւում խոսեցիք գրքի վերաբերյալ մասնագետների ու ուսանողների արձագանքների մասին, իսկ ինչպիսի՞ն էին գրքի «հերոսների» արձագանքները:

– Այս դեպքում էլ արձագանքները հիմնականում դրական են եղել: Ուրախացնող է, երբ գրքում ներառված մարդիկ կարդալուց հետո զանգահարում ու իրենց գոհունակությունն են հայտնում: Ոմանք իրենց կարծիքը սոցիալական ցանցերում են հրապարակել: Գրքի մասին բացասական կարծիք չեմ լսել: Նախկին քաղբանտարկյալներից մեկը խոստացավ համապարփակ գրախոսական գրել, որտեղ կմատնանշեր նաեւ իր տեսակետից առկա թերությունները, բայց հետո հրաժարվեց այս մտքից: Ես միայն ուրախ կլինեի, եթե գրվեր:

Եղել է, որ գրքի «հերոսից» կամ արդեն վախճանված «հերոսի» հարազատներից ստացել եմ դժգոհություններ, բայց այդ դժգոհությունները վերաբերել են ոչ թե գրքին, այլ գրքում ներկայացված իրենց կենսագրությունների առանձին դրվագներին: Չնայած այն հանգամանքին, որ այդ կենսագրություններն իրենցն են, ես չեմ դրանք հորինել, եւ ինձանից նեղանալու առիթ պետք է որ չունենային՝ նեղանում են: Սա տհաճ է, բայց ես կեղծիք արած կլինեի, եթե փորձեի խմբագրել գրքում ներառված մարդկանց կենսագրությունները կամ գրելու պահին մտածեի, թե ինչ կմտածի այս կամ այն մարդը եւ ըստ այդմ էլ՝ անդրադառնայի կամ չանդրադառնայի կենսագրության այս կամ այն դրվագին: Յուրաքանչյուր մարդ իր կենսագրության տերն է: Ոչ ոք չի կարող ասել եւ չի էլ ասել, թե ես գրքում կեղծիք կամ հորինվածք եմ թույլ տվել: Սա է կարեւորը: Իսկ մնացածը զգացմունքների ոլորտից է: Ասենք՝ վախճանված քաղբանտարկյալի հարազատը զանգահարում ու բողոքում է, թե գրքում ներկայացված կենսագրությամբ իր հերոս հարազատն այնքան էլ անկոտրում հերոս չի ընկալվում: Ի՞նչ ասես: Բացատրելը, որ ես ոչ թե ձոն եմ գրել, այլ փաստաթղթերի, դրանց վրա հիմնված եզրակացությունների ու հուշերի ժողովածու եմ հրապարակել, դառնում է ավելորդ: Մեկ ուրիշը նեղվում է, որ ուշադիր ընթերցողն իր հարազատի մասին կկռահի այն, ինչի մասին ինքը կգերադասեր լռել: Դժգոհություն հայտնողներին կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա եւ դեռ ազատ մատներ էլ կմնան:

Ես վստահ եմ, որ գրքում ներկայացվածներից շատերը արժանավոր մարդիկ են եւ արհեստական գունազարդումների, կենսագրության այս կամ այն էջը ջնջելու կամ վերախմբագրելու կարիք չպետք է ունենային: Դժգոհողների մեջ կան մարդիկ, որոնց ես ինձ հարազատ եմ համարել ու համարում, բայց ես կամ պետք է գրեի այս գիրքը, կամ չպետք է գրեի: Վճռեցի գրել եւ նյութին ավելի շատ ոչ թե որպես գրող, այլ որպես լուսանկարիչ եմ մոտեցել:

«Առավոտ» օրաթերթ
10.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930