Երեկ ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր եւ նախագծի համահեղինակ Արծվիկ Մինասյանը վիճեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ՝ հայտարարելով, որ նրա թիմն ընտրակեղծիքների մեջ մասնագիտացած է: «Առավոտի» հարցին՝ եթե ՀԱԿ-ի մասին այդ կարծիքի եք, որ ընտրակեղծիքների մեջ մասնագիտացած են, ինչպե՞ս եք ժամանակին այդ ուժի հետ պայքարել ընտրակեղծիքների դեմ՝ գործելով միասնական շտաբում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր անձ, ուժ պետք է ունենա շանս ուղղվելու:
Այդ տեսակետից ցանկացածի նկատմամբ կա այդ հնարավորությունը, որ փորձեն ուղղվել: Բայց երբ քաղաքականությունը վերածվում է անազնիվ պայքարի, այդ դեպքում իրերը պետք է կոչել իրենց անունով: Այն, որ ընտրախախտումների մեջ ես մեղադրեցի ՀԱԿ-ի քաղաքական հայրերին, դա փաստ է, եւ բոլորին է հայտնի»:
Մեր դիտարկմանը, որ Լեւոն Զուրաբյանը հորդորում է 1 օրինակ բերել՝ Արծվիկ Մինասյանը զարմացավ. «Ոնց թե, սկսած 95-ից՝ փաստերը փաստ են, հրապարակային են: Այդ փաստերին ամբողջ հանրությունն է տեղյակ, ես լրացուցիչ նոր փաստե՞ր պետք է բերեմ: Իսկ հավանաբար հիմա այդ հնարավորությունը չունեն, որ նոր ընտրախախտումներ իրականացնեն՝ որպես իշխանություն, դրա համար էլ այս պահին փաստեր չկան, որովհետեւ իրենք իշխանություն չեն: Բայց մեր սկզբունքայնության մեջ կասկածող որպես ուժ ես իրենց ասում եմ՝ իրենք անազնիվ են»:
«Առավոտ» օրաթերթ
10.06.2015
հհդ- ն գլուխը պատին ա տալիս…