Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմնակալ մոտեցում հանրային առողջապահական ծրագրին

Հունիս 11,2015 14:00
coren

Հանրային առողջապահական ծրագրերը, այդ թվում՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակելիս առողջապահության նախարարությունը հաշվի է առնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված բազմաթիվ հետազոտություններով, միջազգային չափորոշիչներով գիտական փորձաքննություն անցած, հիմնավորված փաստարկները։

Մինչդեռ քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ հանրությանն են ներկայացնում համացանցում առկա որոշակի տեղեկություններ եւ վերլուծություններ, որոնք չեն կարող համարժեք լինել ապացուցողական բժշկությամբ հիմնավորված գիտական մոտեցումներին։ Դրանով բացասական վերաբերմունք են ձեւավորել հանրային առողջապահական այս ծրագրի նկատմամբ։

Իրենց խոսքը համոզիչ դարձնելու նպատակով հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ներկայանում են որպես «ակադեմիկոս»՝ բերելով գիտության կամ ապացուցողական բժշկության հետ որեւէ առնչություն չունեցող «փաստարկներ»։ Հարկադրված ենք փաստելու, որ նախարարության կողմից բազմաթիվ անգամ գիտական ուսումնասիրությունների ու փաստերի, համաշխարհային փորձի ու միջազգային կառույցների կարծիքների նրանց տրամադրումն ապարդյուն է անցնում։ Համառորեն շրջանառության մեջ են դրվում ակնհայտ մտացածին, ենթադրությունների վրա հիմնված կարծիքներ, որոնք հիմնավորված չեն գիտական լուրջ հետազոտություններով։

Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը, աշխարհի փորձը, գրականության հեղինակավոր աղբյուրների տվյալները խորությամբ ուսումնասիրվել եւ քննարկվել են նաեւ ՀՀ ԱՆ Ա. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդում։ Գիտակցելով մեր քաղաքացիների առողջության պահպանման գործում ունեցած պատասխանատվությունը՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ ծրագիրը միտված է բացառապես հիվանդությունների կանխարգելմանը, անվտանգ է եւ ունի հանրային առողջապահական մեծ նշանակություն։

Այս ամբողջ ընթացքում ծրագրի վերաբերյալ մենք բազմաթիվ կարծիքներ ենք ստացել արտերկրի հեղինակավոր մասնագետներից։ Պետք է ասել, որ մեր երկրում այս ծրագրի նկատմամբ նման նեգատիվ վերաբերմունքը մշտապես նրանց անկեղծ զարմանքն է առաջացրել։

Դեռեւս փետրվարին նախարարությունում հրավիրված քննարկման ժամանակ ներկայացված կազմակերպությունների անունից կարծիք հայտնվեց, որ ալյուրի 50 տոկոսը հարստացնելու դեպքում համաձայն են ծրագրին։ Բայց եթե իսկապես համոզված են, որ ծրագիրը վտանգավոր է, ապա այդ դեպքում ինչո՞ւ են առաջարկում վտանգել 50 տոկոսի առողջությունը։

Ցավալին այն է, որ մի շարք լրատվամիջոցներ տուրք են տալիս մասնագիտական կարողություններ չունեցող, մատուցված նյութն անաչառ ձեւով վերլուծելու եւ ընկալելու ունակություն կամ ցանկություն չունեցող մասնագետներին։

Նշենք, որ վիտամինահանքանյութային թերսնուցումը (ՎՀԹ) լայն տարածում ունի ոչ միայն աշխարհի զարգացող երկրների անապահով բնակչության շրջանում, այլեւ զարգացած արդյունաբերական երկրներում։ Այն կարող է խոցել բոլոր տարիքային խմբերը, սակայն երեխաները եւ վերարտադրողական տարիքի կանայք ու հղիները գտնվում են առավել բարձր ռիսկի խմբում (խաթարվում է պտղի եւ երեխայի աճը, ճանաչողական զարգացումը եւ վարակների հանդեպ դիմադրողականությունը): ՎՀԹ-ի որոշիչ գործոններն են` աղքատությունը, բազմազան սննդի անհասանելիությունը, սննդակարգերի վերաբերյալ գիտելիքների պակասը եւ վարակիչ հիվանդությունները: ՎՀԹ-ն մարդու առողջության վրա թողնում է բազմաթիվ անբարենպաստ ազդեցություններ, որոնցից ոչ բոլորն են կլինիկորեն արտահայտվում: Նույնիսկ չափավոր կամ միջին մակարդակի անբավարարությունը կարող է լուրջ վնասակար ազդեցություն ունենալ մարդու կենսագործունեության վրա: Այն հեռահար ազդեցություն է թողնում առողջության, սովորելու կարողության եւ արտադրողականության վրա: Հանրային առողջապահության տեսանկյունից ՎՀԹ-ն մտահոգիչ է նաեւ որպես բազմաթիվ հիվանդությունների ռիսկի գործոն, ինչը որոշակիորեն բարձրացնում է ընդհանուր հիվանդացության եւ մահացության ցուցանիշները: Վերջին տարիներին հսկայածավալ տվյալներ են կուտակվել վիտամինների (A, B1, B2, B3, B6, B9, B12, C, D) եւ հանքանյութերի (Fe, J, Zn, Ca, Se, F) անբավարարության գլոբալ տարածվածության, ռիսկի գործոնների, առողջապահական հետեւանքների եւ հաղթահարման ռազմավարությունների վերաբերյալ:

Արհեստականորեն ստեղծված այս իրավիճակում անհնար է դարձել անկողմնակալ քննարկումների կազմակերպումը։ Անկախ դրանից՝ գիտական կազմակերպությունները, խորհուրդները մեծ պատրաստակամությամբ հանրությանն առաջիկայում եւս կներկայացնեն ծրագիրը, դրա բոլոր դրույթները, կպարզաբանվեն քաղաքացիներին հետաքրքրող ու մտահոգող բոլոր հարցերը։

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը եւ ուղարկվել Ազգային ժողովի հաստատմանը։ ՀՀ Ազգային ժողովում կկազմակերպվեն օրինագծի հանրային լսումներ, որի ընթացքում իրենց ծանրակշիռ խոսքը կասի նաեւ մեր երկրի իրական գիտական ներուժը։

ԳԱՅԱՆԵ ՄԵԼԻՔ-ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՀՀ ԱՆ Ա. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության
ԳՀԻ տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
10.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930