Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի թեստ-դրայվը

Հունիս 11,2015 13:30

Դատական որոշ ծառայողներ, չվախենալով վերադասի հնարավոր հետապնդումներից, «հանդգնել» են չհամաձայնել քննության արդյունքների հետ՝ փորձելով պաշտպանել իրենց իրավունքները:

Դատական ծառայողների, այդ թվում դատավորների օգնականների վերապատրաստումն, ինչպես գիտեք, իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում։ Սակայն պարզվում է՝ մասնագիտությամբ իրավաբան, բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած դատավորների օգնականների մասնագիտական գիտելիքները գնահատելու համար դատական դեպարտամենտի ստեղծած գնահատման հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետը։ Այսինքն՝ ֆինանսիստ, որը գնահատում է իրավաբանների մասնագիտական գետելիքները։

Ոչ պակաս ուշագրավ է գնահատման արդյունքների բողոքարկման մեխանիզմը։
Այս տարվա մայիսի 11-15-ը Ակադեմիայում կազմակերպվել էր դատական ծառայողների վերապատրաստում, որը պարտադիր ուսումնական գործընթաց է: 4-օրյա վերապատրաստման դասընթացներն ամփոփվել են քննությամբ, որի համար նախապատրաստվելու ունկնդիրներին ժամանակ չի հատկացվել։ Դասընթացները սկսվել են ամեն օր՝ ժամը 09:10-ից եւ ավարտվել 18:00-ին, բացառությամբ մեկ օրվանից: Թերեւս բացառություն է կազմել վերջին դասընթացը. մայիսի 15-ի դասընթացը, որն ավարտվել է ժամը 12: 20-ին, իսկ դրան անմիջապես հաջորդող դասաժամին՝ ժամը 13:10-ին անցկացվել է վերապատրաստման արդյունքներն ամփոփող քննություն:
«Առավոտի» զրուցակիցների փոխանցմամբ, որոնք կազմակերպման գործընթացին անմիջական առնչություն ունեցողներն էին, վերապատրաստման արդյունքները գնահատելու համար անցկացված քննությունն առանձնացել է «սիրողական» մակարդակով։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ որոշ դատական ծառայողներ, չվախենալով վերադասի հնարավոր հետապնդումներից, «հանդգնել» են չհամաձայնել քննության արդյունքների հետ՝ փորձելով պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք, որ գնահատման հանձնաժողովը, գործող կարգի համաձայն, ձեւավորում է գործատուն, տվյալ պարագայում ՀՀ դատական դեպարտամենտը՝ ի դեմս դատական դեպարտամենտի ղեկավարի։ Հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, որի նախագահը, ինչպես արդեն նշել ենք, հանդիսանում է ՀՀ դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետը (մասնագիտությամբ՝ ոչ իրավաբան), որը, չգիտես ինչպես, պետք է գնահատի դատական ծառայողների նաեւ մասնագիտական (իրավաբանական) գիտելիքները:

«Առավոտի» տեղեկություններով՝ մի քանիսն անգամ բողոքարկել են գնահատման արդյունքները։ Սա առաջին քայլերից է՝ կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ: Ձեւավորվել է բողոքարկման հանձնաժողով՝ երեք հոգուց բաղկացած, որն էլ, ըստ մեր տեղեկությունների, անցկացրել է քննություն։ Արդյունքը եղել է կանխատեսելի. հանձնաժողովը, բնականաբար, պաշտպանել է իր իրավանախորդի որոշումները։ Իսկ նախորդի ոչ օբյեկտիվ գնահատականներն այնքան ցցուն են եղել, որ բողոքարկման հանձնաժողովը փորձելով պաշտպանել իր նախորդին, այդուհանդերձ, որոշ շտկումներ կատարել է։

Հատկանշական է, որ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դատական ծառայողների եւ դատական կարգադրիչների վերապատրաստման եւ լրացուցիչ վերապատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար գնահատման հանձնաժողովը, ինչպես նաեւ արդյունքները վիճարկող դիմումների քննարկման համար բողոքարկման հանձնաժողովները հիմնականում կազմավորում է դեպարտամենտի ղեկավարը։
Գնահատման հանձնաժողովում ընդգրկվում են դատական դեպարտամենտի ղեկավարի՝ դատական դեպարտամենտից նշանակած չորս անդամ եւ գիտության համապատասխան բնագավառի մասնագետ՝ նշելով հանձնաժողովի նախագահին, իսկ բողոքարկման հանձնաժողովի կազմում երկուսն են ներկայացնում դատական դեպարտամենտը, 1-ը գիտության համապատասխան բնագավառի մասնագետ է:

Այսինքն, ըստ իմ զրուցակիցների, ակնհայտ է, որ օրենքով անգամ լուրջ մոտեցում չի ցուցաբերվել բողոքարկման ինստիտուտին։ Բողոքարկման ժամանակ անձն իր անհամաձայնությունն է հայտնում առաջին քննության ժամանակ տրված պատասխանի, դրա գնահատականի եւ գնահատման հանձնաժողովի հնարավորինս օբյեկտիվ լինելու հետ, ու բողոքարկման հանձնաժողովը ոչ թե պետք է նոր քննություն (վերաքննություն) անցկացնելու միջոցով բացահայտի բողոքարկողի գիտելիքներն եւ ըստ այդմ՝ համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, այլ պետք է գնահատի նախորդ քննության ժամանակ տրված պատասխանը, թե որքանով է այն եղել ճիշտ, որքանով սխալ, պարզի, թե արդյոք հանձնաժողովը օբյեկտի՞վ է գնահատել պատասխանները, անհավասար եւ խտրական մոտեցում ցուցաբերվե՞լ է, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում՝ բողոքարկման արդյունքում նոր քննություն նշանակելն ու բողոքարկողի կողմից նոր հարցատոմսի պատասխանելը էապես փոխում են բողոքի իմաստն ու խախտում բողոքարկողի իրավունքներն, ինչն անթույլատրելի է յուրաքանչյուր տեսանկյունից:
Ըստ էության, օրենքը չի կարգավորել նաեւ գնահատման կարգը, թե այն ինչ սկզբունքներով պետք է իրականացվի, ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնի հանձնաժողովը գնահատելիս: Փաստորեն, դրանով հանձնաժողովին տրվել է հայեցողության լայն հնարավորություն: Էլ չենք խոսում դեպարտամենտի ղեկավարի կազմած հանձնաժողովի գնահատագրերին անհամաձայնություն հայտնելու «հանդգնություն» ունեցած ենթակաների նկատմամբ հնարավոր ճնշումների մասին։

Չի բացառվում, որ ճնշումները կլինեն այն դատական ծառայողների նկատմամբ, որոնք ըմբոստացել եւ բողոքարկել են վերապատրաստման քննության արդյունքները: ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ պարոն Փոլադյանի հրահանգով ճնշումներ կգործադրվեն իբրեւ կարգ ու կանոն ապահովելու պատրվակով՝ ստուգումներ կանցկացվեն աշխատանքին ժամը 09:00-ին ներկայանալը պարզելու համար, պատեհ ու անպատեհ առիթ փնտրելով նրանց կարգապահական պատասխանատվության հարցն առաջ քաշելու համար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930