Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նորից ապրեի, կսրբագրեի կյանքս»

Հունիս 11,2015 13:00

Բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ Մերուժանը՝ կանանց,
գեղեցիկ ապրելու ու քաղաքականության մասին

Բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ Մերուժանը հունիսի 13-ին դառնում է 75 տարեկան: «Առավոտի» հետ զրույցում Մերուժանն ասաց, որ գոհ է իր ապրած կյանքից, բայց եթե ապրելու եւս մեկ հնարավորություն տրվեր, կսրբագրեր կյանքը. «Մանկությունս անցել է պատերազմական տարիներին, պատանեկությունս՝ քաղցի մեջ, երիտասարդությանս մի մասը՝ զնդաններում, իսկ հասուն վիճակում իմ ամբողջ տառապանքի հանրագումարը դարձել է արվեստ, գրականություն: Գրավոր խոսքով իմ ապրածը հանձնում եմ աշխարհին, ընթերցողին: Ինչ վերաբերում է այն գնահատականին, թե ինչով է արժեւորվում իմ անցյալը, ապա կասեմ, որ շնորհակալ եմ տառապանքներիս համար, գոհ եմ այն ամենի համար, ինչ տեսա, բայց եթե տրվեր ապրելու եւս մեկ իրավունք, ես չէի ապրի այնպես, ինչպես ապրել եմ, մի փոքր կսրբագրեի իմ կյանքը, որովհետեւ ես շատ տվեցի՝ ոչինչ չստանալով… Այս պետության արշալույսը ես դիմավորել եմ դարձյալ տառապանքով, Հայոց համազգային շարժման՝ իշխանության գալուց հետո էլ, լինելով տառապած, զնդաններ տեսած մարդ, ես մեկ օր անգամ աշխատանքի չանցա, ինձ չտրամադրվեց այդ իրավունքը եւ ընտանյոք հանդերձ ապրեցի թշվառության մեջ: Խորհրդային շրջանում ես հալածանքի եմ ենթարկվել, երիտասարդությունս վատնել եմ զուր՝ ոչինչ չստանալով, հասունությունս ընտանեկան չարչարանքի եւ հանիրավի չգնահատված վիճակում: Այսօր արդեն, երբ հասել եմ իմ ծերության շեմին, շնորհակալ եմ այնքանով, որ հնարավորություն տրվեց գրքեր գրել, պատմել աշխարհին իմ կյանքը եւ դրանով գնահատել իմ կենսագրությունը»:

Մերուժանը զուգահեռներ տանելով իր ժամանակվա եւ այսօրվա այլախոհության միջեւ, ասում է. «Ժամանակին ես ձերբակալվել եմ հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա վարելու համար, դեմ եմ եղել մի հզոր պետության, որի մեջ ես որեւէ հեղափոխություն անել չէի կարող, պարզապես եղել եմ անզուսպ, որը հակաօրինական է համարվել: Այն ժամանակ պետությունն ինձ ձերբակալելով՝ ճիշտ է վարվել: Այսօր ամենայն օրինականության, ազատ, անկաշկանդ օրենքի պայմաններում դարձյալ բռնություն է կիրառվում, ինչն անցանկալի է, որովհետեւ ազատ պետության վարքագծին վայել չի անազատության մեջ պահել ազատության մասին խոսող անձանց»: Մերուժանը նաեւ նշում է՝ պետականությունը մեծագույն արժեք է, ինչ վերաբերում է երեք հանրապետություններին, ապա փաստում է՝ առաջինը տվեց Արամ Մանուկյան, երկրորդը՝ Ալեքսանդր Մյասնիկյան, երրորդը՝ Վանո Սիրադեղյան: Խոսելով քաղաքականության մասին, Մերուժանը չի հավատում, թե կարող է լինել մաքուր ձեռքերով քաղաքական գործիչ: Նաեւ ընդգծում է. «Հեղափոխությունը կարող է եւ արյունոտ լինել, եւ անարյուն, մեզ մոտ հեղափոխություն տեղի չունեցավ, քանի որ ընդամենը իրավահաջորդը դարձանք նախորդ պետության, ու պարզապես տեղափոխություն եղավ՝ կոմունիստները դարձան կապիտալիստներ»: Բայց նաեւ կարեւորում է մի բան՝ մենք արյունով նվաճեցինք Արցախը, որպեսզի միասնական ու հզոր պետություն դառնանք, սակայն, դժբախտաբար, այսօր անջատ է այդ պետությունը:

Քանի որ Մերուժանի գրականության առանցքում կինն է, նրանից հետաքրքրվեցինք՝ որն է կնոջ հանդեպ մեծագույն հիացումի պատճառը: «Ես կնամեծար տղամարդ եմ ոչ այն պատճառով, որ կնոջ նկատմամբ թուլություն ունեմ, այլ որ կինն ինձ համար թե մտավոր, թե գեղեցիկ մի կալվածք է, հարստություն, որը շնորհված է Աստծուց, որի համար արժի ցավեր կրել՝ բոլոր զոհաբերությունների գնով նրա սիրուն արժանանալու համար: Ինչ վերաբերում է կանանց նկատմամբ ունեցած իմ գնահատականին, համոզված եղեք՝ տգեղ կին չկա, չի լինում, ամենատգեղ թվացող կինն անգամ ունի հմայքի տարր, ֆրագմենտ իր ներսում, թե արտաքին, թե ներքին առինքնմամբ նա կարող է հմայիչ լինել, այստեղ կարեւորը գնահատողի արժանիքներն են: Այո, կինը կա իմ արվեստում ու գրականության մեջ: Ես նրան գրեթե կռապաշտությամբ եմ մոտենում, նա ինձ համար ֆիզիկական, բարոյական ու սեռական կուռք է: Ու երբեք անբարոյական չէ սերը, եթե դա իրոք սեր է եւ կեղծիք ու սոփեստություն չի պարունակում իր մեջ»,- ասում է Մերուժանը: Բանաստեղծի ձեւակերպմամբ, անկախ տարիքից՝ տղամարդը ծերանում է այն ժամանակ, երբ չի կարողանում հագուրդ տալ իր համակրած կնոջը, այդ դեպքում նա պետք է այլեւս չանհանգստացնի նրան:

Խոսելով իր գրքերի մասին՝ բանաստեղծն ասաց, որ դրանք երբեք չի նվիրի նենգ մարդկանց, նաեւ նրանց, ովքեր չեն սիրում հակվել դեպի կինը: Մեր զրույցի ընթացքում նրա գրականությանը տրված գնահատանքին էլ անդրադարձ եղավ:

«Իմ գրավոր խոսքի մասին գրել են շատ նշանավոր մարդիկ՝ Սեւակ Արզումանյանը, Սերգեյ Սարինյանը, շատերը… մինչեւ վերջին շրջանի մեծերը, գրողներ, տաղանդավոր մարդիկ; Գնահատել են նրանք, ովքեր գնահատել են կնոջը, իսկ կինը, որպես Աստծո արարչագործություն, բացարձակապես բարձր է ցանկացած էակից: Հավատացնում եմ բոլորին՝ կինը ատել չգիտի, եթե ատելություն է ծնվում կնոջ մեջ, ապա դա միայն տղամարդու մեղքով է»,- փաստեց մեր զրուցակիցը: Ի դեպ, նա սիրում է ուրբանիզացված կենցաղը, սալոնային կանանց, ասում է, որ հիանում է հատկապես այն կանանցով, որոնք ոչ թե համադրված կազմվածք ունեն, այլ հմայիչ են:

Գեղեցիկ ապրելն էլ Մերուժանն այսպես է բանաձեւում. «Գեղեցիկ ապրելը լավ ապրելը չէ, լավը եւ գեղեցիկը տարբեր են: Կարելի է ապրել լավ, ճոխ, բայց ոչ հարուստ: Ունեւոր լինել՝ չի նշանակում լինել հարուստ, հարուստը նա է, որը եւ ունի ու ապրել գիտի, եւ կերտել գեղեցիկը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել