Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովերը» հիացմունքի «բում» է արել

Հունիս 11,2015 12:30

«Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանի (լուսանկարում) հետ «Առավոտի» հերթական հանդիպման առիթ հանդիսացավ ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետի տեղակալ Արմինե Ղազարյանի փոխանցած այն լուրը, որ ԱՄՆ-ում երգչախմբի համերգներից հետո հանդիսատեսի եւ տեղի պարբերականների հիացական արձագանքների բում է եղել:

Տիկին Ղազարյանը նշեց, որ Վաշինգտոնի հեղինակավոր U Street Music Hall-ում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Հովերը» Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ միացյալ ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ ճանաչված այլ երաժիշտների հետ, այդ թվում՝ երգչուհիներ Հասմիկ Պապյանի, Իզաբել Բայրաքդարյանի, ջութակահար Լեւոն Չիլինկիրյանի:

Կայացավ նաեւ էկումենիկ արարողություն, որին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ, Արամ Առաջին կաթողիկոսները, ՀՀ նախագահը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, պետական այրեր, որից հետո դարձյալ մեծ պատարագ «Հովերի» եւ տեղի միացյալ երգչախմբերի կատարմամբ: 200 հոգանոց երգչախումբը ղեկավարում էր Խորեն Մեյխանեճեանը: Իսկ Նյու Յորքի հանրահայտ Carnegi Hall-ում «Քեզ, Հայաստան» խորագրով համերգից հետո աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մայրը համբուրել է Սոնայի ձեռքերը… Ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանն էլ հավաստիացրել է, որ վերջին շրջանում այս համերգասրահում, որի մշտական հանդիսատեսն է, երգչախմբային նման հնչողության չի հանդիպել: Իսկ New York Times-ի երաժշտական քննադատ Էնթոնի Թոմասինը, ով հայտնի է անկաշառությամբ, իր հոդվածում հրճվանքի խոսքեր չի խնայել «Հովերի» հասցեին: Իսկ համերգում հնչել են հայ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Լեւոն Շարաֆյանի, Աննա Ազիզյանի եւ արեւմտաեվրոպական այլ հեղինակների խմբերգային երկեր, բնականաբար՝ նաեւ Կոմիտաս եւ համաշխարհային պրեմիերա՝ առաջին անգամ հնչել է Քշիշտոֆ Պենդերեցկու «Սաղմոսը»՝ նվիրված Հայոց եղեռնի զոհերին:
Նշենք, որ 23-ամյա «Հովերը» տարին սկսեց իր թվով 8-րդ CD-ի թողարկմամբ (երգչախումբն ունի նաեւ 2 DVD), որում ընդգրկված են Կոմիտասի եւ հայ ժամանակակից կոմպոզիտորների երկեր: Ապա սկսվեցին երգչախմբի «առատ» համերգային շրջագայություններն արտերկրում: Հարցին, թե հավանաբար չեն եղել միայն Աֆրիկայում եւ Ավստրալիայում, Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այդ երկրներից ունեն հրավերներ, իսկ կոնկրետ աշնանը իրենց համերգային շրջագայության քարտեզը կընդլայնեն՝ առաջին անգամ ելույթ ունենալով Շվեյցարիայում, Սլովենիայում եւ Իսրայելում:

96628

«Հովերը»՝ Վաշինգտոնի U Street Music Hall-ում

Մեր զրուցակիցը նշեց մինչ ԱՄՆ կատարած իրենց ելույթների մասին, ֆրանսիական Նանտ քաղաքում, Տալլինում, Սանկտ Պետերբուրգում կայացած ելույթները, որից հետո անմիջապես մեկնել են Լեհաստան՝ Քշիշտոֆ Պենդերեցկու հրավերով ու 4 համերգով մասնակցել բեթհովենյան փառատոնին: Սոնա Հովհաննիսյանը հատկապես նշեց «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) կատարած ահռելի աշխատանքի մասին, փաստելով, որ այդ փառատոնի հրավերով Երեւանում հյուրընկալված դասական երաժշտության աստղերն այսօր արտերկրում իրենց համերգները նվիրում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Հավելեց, թե վաշինգտոնյան համերգը, որի առաջին բաժնում ելույթ է ունեցել «Հովերը», իսկ երկրորդում՝ Եվգենի Կիսինը, նույնպես «Երեւանյան հեռանկարների» «մեղավորությունն» էր: «Այսինքն, ինչպես Կիսինը, այնպես էլ երեւանյան փառատոնի մասնակից երաժիշտներն ու կոլեկտիվները նման ձեւով են շնորհակալ լինում հայ ժողովրդին ու նրանց արտերկրյա համերգները յուրատեսակ նվեր է Հայաստանին»,- ասաց տիկին Հովհաննիսյանը:

Օրերս «Հովերը» վերադարձավ Կաննում անցկացված midem-ի շրջանակներում կայացած արվեստի մեծ ստուգատեսից, որի պատվավոր հյուրն էր Հայաստանը: Երաժշտական այս ֆորումին մասնակցել են Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական պետական նվագախումբը, Վահագն Հայրապետյանի «Կատուներ» ջազ անսամբլը, Արմեն Հյուսնունցի ջազ նվագախումբը, «Ոսկանյան» էթնոջազը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը եւ այլ ճանաչված կոլեկտիվներ ու անհատ կատարողներ: Մեր զրուցակիցը հայտնեց, որ համերգաշարին իրենց մասնակցությունն են բերել հայաստանցի եւ արտերկրյա ճանաչված կոմպոզիտորներ, երաժշտագետներ եւ այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը եւ Քշիշտոֆ Պենդերեցկին:
Մեր զրուցակցին փոխանցեցինք midim-ի երաժշտական ֆորումի առիթով ճանաչված երաժիշտ Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառումը, թե midim-ին մասնակից կոլեկտիվներն ու անհատները մշտապես «դրսում» կայացած հայաստանյան պետական միջոցառումների մասնակիցներն են: Ի պատասխան՝ Սոնա Հովհաննիսյանն ասաց. «Երաժիշտներին ջոկատների բաժանելու փոխարեն՝ հարկ է տեղեկացված լինել նրանց գործունեությանն ու վաստակին»:

Ակնհայտ է, որ «Հովերի» հաջողությունների գրավականներից մեկը «ՎիվաՍելլ ՄՏՍ»-ի հետ երգչախմբի գործընկերությունն է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել