Լրահոս
Օրվա լրահոսը

Հայը եւ հավերժությունը

Հունիս 11,2015 12:00

«Ազգի գաղափարն այն չէ, ինչ ինքն է մտածում իր մասին ժամանակի մեջ, այլ այն, ինչ Աստված է մտածում նրա մասին հավերժության մեջ»:
Վլադիմիր Սոլովյով

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,–
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է եւ հին:

… Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս–
Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին – ահա՛
Դաշտ է տեղը եւ չկա քար քարի վրա:

… Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ:
Վահան Տերյան

Անեկդոտ
Երկու հայ զրուցում են:
– Սկզբից աշխարհում մենք էինք, Եգիպտոսը, Բաբելոնը, Ասորեստանն ու Աստված: Սրանք վերացան: Հետո մենք էինք, Հռոմը, Պարթեւստանն ու Աստված: Սրանք էլ թռան: Հետո մենք էինք, Բյուզանդիան ու Աստված: Բյուզանդիան էլ թռավ:
– Է, հետո՞:
– Հետո էն, որ դուրս ենք եկել եզրափակիչ (ֆինալ):
Հիմա պատկերացնենք անեկդոտի վիրտուալ՝ մեզ զուգահեռ աշխարհը:

… Աշխարհի հին ազգերը երկար գոյատեւելով, պայքարելով ու կռվելով, վերացան: Մրցությունն ընթանում էր, ինչքան կարելի է դատել, այնպիսի կարգով, որ ամեն մի շրջանից հետո պարտվողները դուրս են գալիս եւ նոր խաղացողներ են ասպարեզ մտնում: Հիմա մնացել ենք մենք ու Աստված: Այլ ազգեր կան, բայց նրանք խաղից դուրս են: Ուրեմն՝ եզրափակիչ խաղն է: Պարտվողը դուրս է թռչում պայքարից՝ վերանում է:
Դժվար վիճակ է: Մեր՝ հայերի խորամանկությունը, դժվար իրադրություններում կողմնորոշվելու հմտությունը հանրահայտ է: Բայց, մյուս կողմից, հակառակորդը շատ ուժեղ է: Իսկ ի՞նչ խաղ է: Թվում է, շախմատի տիպի՝ մտավոր, երկարատեւ, բարդ ու բազմաքայլ: Հենց այդտեղ է, որ մենք աշխարհի, Եվրոպայի եւ օլիմպիական բազմակի չեմպիոններ ենք: Եվ ո՞վ է խաղում մեր կողմից: Մի մա՞րդ՝ ուժեղ խաղացող, չեմպիոն, խաղանենգ: Ոչ, խաղում է մեր հավաքական ոգին: Կարեւոր չէ, թե ի՞նչ է անում այս պահին ամեն մի հայ, միեւնույն է, նրա ոգին, միացած ներկայի եւ, թերեւս, անցյալի հայերի ոգիների հետ, որպես մեկ ամբողջություն՝ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ, հենց հիմա խաղում է: Դժվար պարտիա է: Ավելի շուտ՝ բազմադարյա մի մատչ: Արքայական գամբիտ, ցայտնոտ, ցուգցվանգ եւ մշտական մատային սպառնալիքներ:

… Բյուզանդիայի անկումից (1453) հետո սկսվեց հայ ժողովրդի պատմության ամենածանր շրջանը: 1555-ին Հայաստանը կիսվեց Թուրքիայի ու Պարսկաստանի միջեւ: 1603-4 թվականներին շահ Աբասը փաստորեն վերացրեց Արեւելյան Հայաստանը, համարյա ողջ բնակչությունը գերեվարելով Պարսկաստան: 1827-ին ռուսները գրավեցին այդ նույն տարածքները, որտեղ ձեւավորվեցին հայերի համար քիչ թե շատ տանելի ապրելու պայմաններ: Մինչդեռ Թուրքիայում հայերի վիճակը դառնում էր անտանելի: XX դարասկզբին տեղի ունեցավ մեր պատմության մեծագույն աղետը՝ ցեղասպանությունը: Վերացավ Արեւմտյան Հայաստանը: Դրանից հետո՝ անկախության փոքրիկ ու դաժան մի շրջան, սովետական ոչ պակաս դաժան իրականության տասնամյակներ, ապա՝ ավերիչ երկրաշարժ, պատերազմ, անկախության նույնքան դաժան մի նոր շրջան… Կարծես, արարիչը որոշել է մեզ վերացնել:

Բայց ի՞նչ է հինգ ու կես դարը՝ մի ակնթարթ հավերժության մեջ: Եվ եթե մեզ վերացնի, ո՞ւմ հետ է խաղալու: Միայնա՞կ: Թե՞ ոչ գրոսմայստերական «վայրի, արջի ցեղերի» մանկապատանեկան՝ մի քանի դարի պատմություն ունեցող հանրույթների հավաքական ոգիների, այսինքն՝ երկրորդ, կամ, ավելի շուտ, «ճ» կարգի խաղացողների հե՞տ:
Ինչեւէ, ընթանում է ծանր մենամարտ: Մեր պատմության դասն է՝ գոյատեւել ի հեճուկս բոլորի: Սկզբից եւեթ չենթարկվեցինք՝ չլքեցինք երկիր դրախտավայրը ու մինչեւ հիմա մարտնչում ենք աշխարհի ու արարչի դեմ մեր երկրում ապրելու իրավունքի համար: Եվ հնարավո՞ր է մեզ վերացնել: Քանի-քանի կատակլիզմ ու աշխարհի վերջ է անցել մեր գլխով: Դա երկու հավերժների մենամարտ է: Հավասարների մենամարտ:

Ո՞րն է մարդու դերը բնության եւ պատմության մեջ: Մարդու, որ ունի գիտակցություն, ինչպես Աստված, եւ մահկանացու է, ինչպես կենդանի: Հին առասպելներն են տալիս այդ հարցի պատասխանը: Մարդը՝ հերոսը ձեռնոց է նետում անմահ աստվածներին:

Աստվածամարտիկներ են հունական Պրոմեթեւսը եւ Հերակլեսը, աստվածաշնչյան Հակոբը, վրացական Ամիրանին… Կարելի է ասել, որ աստվածամարտիկ է նաեւ հայոց նախնի Հայկը՝ նա կռվում է Բաբելոնի տիրակալ Բելի դեմ, որն իրականում Բաբելոնի մեծ աստված Բել-Մարդուկն է: Աստվածամարտիկ է եւ մեր էպոսի վերջին հերոսը՝ Փոքր Մհերը: Նա իր կյանքի վերջում կռվում է Աստծո հրեշտակների դեմ եւ փակվում ժայռի մեջ, որտեղից դուրս պիտի գա, երբ աշխարհում արդարություն եւ բարեբերություն հաստատվի:

Աստվածամարտիկն է մարդկության ամենահզոր կերպարը: Նա է խորհրդանշում Մարդու՝ մարտիկի, ստեղծագործողի, հայտնաբերողի, պայքարողի ազատատենչ, հզոր ու ըմբոստ ոգին: Եվ մեր հավաքական ոգին էլ մի Փոքր Մհեր է, որը ոչ թե պասիվ սպասում է արդարության հաստատմանը, այլ շարունակում է իր պայքարը:

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930