Լրահոս
Օրվա լրահոսը

Բուսաբուժությունը՝ անքնության, արյան ճնշման տատանումների եւ նյարդային խանգարումների ժամանակ

Հունիս 11,2015 11:30

Տարբեր երկրներում դեղաբույսերով բժշկվելը դարերի, հազարամյակների պատմություն ունի: Այսօր էլ շատերը դեղահաբերը, քիմիական բուժումները փոխարինում են բուսաբուժությամբ, բայց դրան անցնելու համար նախ պետք է այցելել բժշկի, խորհրդակցել նրա հետ, պարզել օրգանիզմի առանձնահատկությունները եւ ապա նոր սկսել բուժումը:
Տարբեր ժողովուրդների բժշկության մեջ լայն կիրառություն ունի առյուծագի դեղաբույսը, որը Հնդկաստանում օգտագործվում է ստամոքսային հիվանդությունների բուժման ժամանակ: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է սրտխփոցների, ստամոքսային խանգարումների, Անգլիայում՝ հիսթերիայի, նեւրալգիայի, սրտային թուլության, շնչարգելության ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ առյուծագին հայտնի է որպես լավ միջոց սրտային, նյարդային եւ կանացի որոշ հիվանդությունների բուժման ժամանակ: Այն կիրառվում է նաեւ վախի եւ շնչարգելության դեպքում:

Առյուծագին իր հանգստացնող ազդեցությամբ 3-4 անգամ գերազանցում է կատվախոտին: Արյան ճնշման կանոնավորմանը զուգընթաց, լավացնում է նաեւ հիվանդների ինքնազգացողությունը, վերականգնում աշխատունակությունը: Դեղաբույսի արդյունավետությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում այն զուգակցել ալոճենու ծաղիկների հետ՝ 40 գրամ 1 լիտր եռման ջրին, օգտագործել օրական 3-4 անգամ 100 մլ: Սա ոչ միայն դրական է ազդում հիպերտոնիայի, այլեւ կրծքային հեղձուկի նոպաների եւ սրտի ռիթմի խանգարումների վրա:

Առյուծագին պարունակում է ալկալոիդներ՝ ազոտ պարունակող օրգանական միացություններ, դաբաղանյութեր՝ արոմատիկ միացություններ, դառը նյութեր, շաքար, եթերայուղ, վիտամիններ եւ այլն:

Թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ մանրացրած առյուծագին 8 ժամ թրմել 1 բաժակ սառը ջրում, քամել եւ օրը 3 անգամ խմել: Եփուկ պատրաստելու համար 4-6 գրամ հումքը կամ 4-9 գրամ սերմերը 10 րոպե եռացնել 1 բաժակ ջրում, սառեցնել, քամել եւ մեկ օրվա ընթացքում խմել 2 անգամ՝ անոթների սպազմների ժամանակ: Ի դեպ, եփուկն օժտված է անոթների վրա ադրենալինի սեղմող ազդեցությունը վերացնող հատկությամբ:

Նյարդային խանգարումների, սրտային թուլության, գլխապտույտների եւ շնչարգելության ժամանակ վերցնում են 15-ական գրամ առյուծագի, չորածաղիկ, ալոճենու ծաղիկներ եւ 5 գրամ երիցուկ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 8 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1/2 -ական բաժակ, օրական 3 անգամ՝ ուտելուց 1 ժամ հետո: Ընդհանուր անհանգիստ վիճակի, անքնության եւ շուտ հոգնելու դեպքում անհրաժեշտ է 10-ական գրամ առյուծագի եւ ուրց, 5-ական գրամ կատվախոտի արմատ եւ բերենիկե, 20-ական գրամ սրոհունդ, եզան լեզու եւ մասուր: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ եփել 10 րոպե 2 բաժակ եռման ջրում, թողնել 30 րոպե, քամել եւ ըմպել օրական 3 անգամ 1/4 բաժակ:

 

«Առավոտ» օրաթերթ
10.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930