Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Արայիկ Հարությունյանն իր կողմից վարձակալվող հողերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է հաղորդել

Հունիս 10,2015 19:21

Այսօր Արցախի ԱԺ-ում տեղի ունեցավ առաջին նստաշրջանի շարունակությունը, որտեղ դրված էր կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Ծրագիրը ներկայացրեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանին հետաքրքրեց, թե ինչպե՞ս է կառավարությունը նախատեսում տարեկան ապահովել գյուղատնտեսության համախառն արտադրանքի 10 տոկոս միջին տարեկան աճ:

«Գյուղատնտեսության աճի հիմնական լոկոմոտիվը գյուղացու մոտիվացիան է: Ինչպե՞ս մոտիվացված լինի, օրինակ, Ուղտասարի բնակիչը, որն ուզում է իր կողմից մշակվող հողատարածքն ավելացնել մեկ հեկտարով, սակայն չի կարողանում, այն դեպքում, երբ այդ նույն համայնքի հողերից հարյուրավոր հեկտարներ վարձակալվում են Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների կողմից»,-հարցրեց Հ.Խանումյանը:

Վարչապետը հերքեց իր կամ իր ընտանիքի կողմից Ուղտասարում համայնքային հողեր վարձակալելու փաստը:

Պատգամավոր Հ.Խանումյանի հարցմանն ի պատասխան Ուղտասար համայնքի ղեկավարը տվել է տեղեկություն Ուղտասար համայնքի հաշվեկշռում գտնվող 10 հա-ից ավելի հող վարձակալող անձանց և նրանց կողմից վարձակալվող հողի չափի մասին: Համաձայն տեղեկության՝ Արայիկ Հարությունյանն այս համայնքում վարձակալում է 135,7 հա տարածք:

Արայիկ Հարությունյանի կողմից վարձակալվող տարածքը 2010թ. հուլիսի 7-ի N 376-Ն որոշմամբ Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են Ուղտասարի համայնքին: Վարչապետ Հարությունյանը վերոնշյալ հողի վարձակալ դարձել է որոշման ընդունումից հետո, իր պաշտոնավարության ընթացքում և տարիներ շարունակ վարձավճար մուծել համայնքին:

Հետևաբար գտնում ենք, որ Ա.Հարությունյանը  Հ.Խանումյանի հարցին ի պատասխան միտումնավոր խեղաթյուրել է իրականությունը՝ ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելով Ազգային ժողովին և հանրությանը:

Արցախի Ազգային ժողովի

«Վերածնունդ» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930