Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում ԵԽԽՎ անդամների հանդիպումն անցել է շատ լարված՝ ԵԽԽՎ-ն անվանել են Ադրբեջանի դուստր ձեռնարկություն

Հունիս 10,2015 18:56

ՀՀ պատվիրակության անդամները խոսել են Ադրբեջանի «խավիարակերների» խայտառակ զեկույցի մասին եւ ստացել «աբսուրդ» արձագանք:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Վահան Բաբայանը եւ Լեւոն Զուրաբյանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ:

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պատմեց, որ հանդիպումն անցել է շատ լարված մթնոլորտում եւ հայկական պատվիրակության կողմից լուրջ մեղադրանքներ են հնչեցվել ԵԽԽՎ-ում վերջին շրջանում տիրող «ալիեւյան բարքերի» վերաբերյալ. «Ես ինքս հայտարարեցի, որ վերջերս Եվրոպայի խորհրդում սկսում է գործել ստոկհոլմյան սինդրոմը, երբ Ադրբեջանը պատանդ է վերցրել ձեզ բոլորիդ՝ ԵԽ-ն ամբողջութամբ, եւ դուք, որպես Ադրբեջանի պատանդներ, սկսում եք ջերմ զգացումներ տածել ձեր պատանդառուի՝ Ադրբեջանի հանդեպ: Սա ակնհայտ է, որովհետեւ ԵԽ-ն վերածվել է Ադրբեջանի դուստր ձեռնարկության եւ ուղղակիորեն սպասարկում է Ադրբեջանի շահերը»:

Նույն շեշտադրումներն են արել նաեւ պատվիրակության մյուս անդամները: Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ Արմեն Ռուստամյանը եւ Հերմինե Նաղդալյանը նույնպես հարցեր են ուղղել այն մասին, որ շուտով՝ հունիսի 22-ին քննարկելու են մոնիտորինգի հանձնաժողովի 2 այլ Ադրբեջանի հարցով համազեկուզողներ, «Ադրբեջանի հայտնի թիվ մեկ խավիարակերներ» Պեդրո Ագրամունդի եւ Թադեուշ Իվինսկու զեկույցը Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին. «Այդ զեկույցը, եթե կարդաք, գրեթե կեսը նվիրված է Հայաստանին: Պարզվում է, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը չի զարգանում, որովհետեւ հայկական լոբբին եւ արեւմտամետ մի քանի կազմակերպություններ խանգարում են Ադրբեջանի ժողովրդավարության զարգացմանը»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների մասին այդ զեկույցում հղում են արել դեռեւս գոյություն չունեցող, բայց մեծ աղմուկ բարձրացրած մի նախաձեռնությանը՝ «Բռնության էսկալացիան Ղարաբաղում եւ Ադրբեջանի  գրավյալ տարածքներում»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ մենք բացատրեցինք. «Ի՞նչ կապ ունի Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների զեկույցը այդ՝ գոյություն չունեցող փաստաթղթի հետ Եթե օբյեկտիվ եք, ապա Հայաստանի մասով զեկույցում էլ պետք է ներառել ԼՂՀ-ի մասին հայկական կողմի մոտեցումը, այլապես  մեր հանրությունը, որն այսօր ԵԽ-ն իրավացիորեն համարում է Ադրբեջանի դուստր ձեռնարկություն եւ ուղղակիորեն հրաժարվում է այլեւս  հավատալ ձեր արժեքներին, իրավունք ունի ունենալ այդ օբյեկտիվ կարծիքը  ԵԽ-ի մասին»:

Թե ինչ արձագանքներ են եղել համազեկուցողների կողմից՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինձ համար աբսուրդ էր արձագանքներից մեկը, երբ Ալան Միլը, որը քվեարկել է եւ ներկա է եղել մոնիտորինգի հանձնաժողովում, երբ երկու խավիարակերների «դվոյկան» ներկայացրել են Ադրբեջանի մասով զեկույցը, զարմացավ, ասեց՝ իսկապե՞ս այդպիսի հատվածներ կան: Այսինքն, իրենք ուղղակիորեն, ավտոմատ կերպով քվեարկում են ցանկացած նախաձեռնության, որը բերվում է: Որպես համազեկուցողներ հակամարտող երկրի, իրենք պիտի շատ ավելի ուշադիր լինեին եւ տեսնեին, թե ինչ զեկույց են ներկայացրել»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Ադրբեջանի զեկույցի քննարկման ժամանակ ինքը ելույթ է ունենալու եւ ԵԽԽՎ-ն անվանելու է Ադրբեջանի դուստր ձեռնարկություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930