Հունիսի 10–ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ աշխատակազմի հանդիպումը Եթովպիայի հայ համայնքի ղեկավար Վարդգես Նալբանդյանի և նրա դստեր՝ մասնագիտությամբ իրավաբան, Ադիս Աբեբայում Միջազգային զարգացման ավստրալական գործակալության ծրագրի ավագ մենեջեր՝ Գայանե-Էլիզ Նալբանդյանի հետ, ով ակտիվորեն ներգրավված է համայնքային կյանքում:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը կարևորեց Եթովպիայի հայ համայնքի հետ սերտ կապերի ամրապնդման, համայնքի պատմությանն ու ներկա խնդիրներին իրազեկ լինելու անհրաժեշտությունը: Նա նշեց, որ լինելով հայության հնագույն համայնքներից մեկը՝ Եթովպիայի համայնքը, այսօր էլ շարունակում է իր կենսունակությունը՝ պահպանելով նաև հայկական դիմագիծը:
Այնուհետև Վարդգես Նալբանդյանը տեսաշարով ներկայացրեց Եթովպիայի հայ համայնքի պատմությունը և հայերի պատմական ներուժը երկրի կայացման և զարգացման գործում: Նա հանգամանալից պատմեց Եթովպիայում առաջին հայերի հայտնվելու, տեղի ժողովրդի և կառավարիչների հետ նրանց առնչությունների մասին: Նա նշեց, որ հայ-եթովպական կապերը զարգանում էին հիմնականում երկու ուղղությամբ՝ եկեղեցական և գործարարական: Եթովպական արքունիքում հայերը պահանջված են եղել հատկապես որպես արհեստավարժ ոսկերիչներ, գորգագործներ, մանածագործներ: Տեղի հայերի շարքերում են եղել նաև գրողներ, բանաստեղծներ, գեղանկարիչներ, ճարտարապետներ, երգահաններ:
Ըստ բանախոսի, Ադիս Աբեբայում գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եթովպիայի հոգևոր հովվությունը, հայկական Ազգային վարժարանը, որն ունի մանկապարտեզ և տարրական դասարաններ: Վարժարանում դասավանդվում է հայոց լեզու, հայոց պատմություն, աշխարհագրություն, կրոն, Եթովպիայի պետական լեզուն՝ ամհարերեն, անգլերեն, ֆրանսերեն: Դպրոցն ունի 220 աշակերտ, որից 11-ը՝ հայ:
Կարդացեք նաև
Վերջին տվյալներով Եթովպիայում բնակվում է շուրջ 150 հայ, որից 80-ը՝ Ադիս Աբեբայում:
Հանդիպման վերջում Վարդգես Նալբանդյանը պատասխանեց ներկաների հարցերին:
ՀՀ սփյուռքի նախարարություն