Այսօր ԱԺ-ում են եղել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը: Նրանք հանդիպումներ են ունեցել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ քննարկել են վերջին քաղաքական գործընթացները, Սահմանադրական բարեփոխումները, մարդու իրավունքների վիճակը, քաղբանտարկյալների եւ ԼՂՀ-ի խնդիրը. «Նախ, ես գրավոր ներկայացրել եմ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները: Ես նրանց տեղեկացրել եմ, որ վիճակի մեջ 2 փոփոխություն կա: Մեկը՝ կապված Ժիրայր Սեֆիլյանի հետ, մյուսը՝ սահմանադրական հանրաքվեի անցկացման օրենքի զարգացումների հետ: Նորից վերահաստատել եմ, որ Սերժ Սարգսյանն ունի ծրագիր իր իշխանությունը վերարտադրելու, որ սահմանադրական ռեֆորմն ուղղված է դրան, ոչ մի լուրջ հիմնավորում չկա կառավարման մոդելը փոփոխելու առումով: Երբ երկրում չկա լայն կոնսենսուս, երբ կոնսենսուսը ձեւավորվել էր, իշխանությունը բռնություններ կիրառեց ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մի նպատակով՝ ժողովրդական ալիքը մարեցնելու եւ ընդդիմության այդ դաշինքը քայքայելու նպատակով»:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ փետրվարյան իրադարձությունների հետ կապված համազեկուցողներն ասել է այն, ինչ ասել է ԱԺ նիստերին եւ հանրահավաքներում:
Մենք ճշտեցինք՝ ճի՞շտ է, որ իրենք ուզել են հանդիպել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը մերժել է: Լեւոն Զուրաբյանը հաստատեց. «Ճիշտ է: Հանդիպումը չի կայացել»:
Կարդացեք նաև
Թե որն է պատճառը, Լեւոն Զուրաբյանն այսպես բացատրեց. «Այդ հանդիպումներն անցյալում լուրջ արդյունք չեն տվել: Տեր-Պետրոսյանը նպատակահարմար չի համարել»:
Ի դեպ, մենք տեղեկացրել էինք, որ Ալան Միլի եւ Ֆիշերի հետ հանդիպումը մերժել են նաեւ Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն Ժառանգության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել, պարզապես հանրապետությունում չէ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ