Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանդիսատեսը կարոտ է լուրջ գործերի». ռեժիսոր

Հունիս 10,2015 18:25

Պերճ  Զեյթունցյանի «100 տարի անց» պիեսի հիման վրա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրված ներկայացումը մայիսին  հյուրախաղերով մեկնել էր ԱՄՆ:

Թատրոնի գլխավոր ռեժիսոր և ներկայացման բեմադրիչ Տիգրան Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացումը ջերմ ընդունելության է արժանացել ԱՄՆ-ում: «100 տարի անց»-ը երկու անգամ ներկայացրել են Լոս Անջելեսում, մեկ անգամ՝ Բոստոնում:

«Հանդիսատեսն ասում էր, որ կարոտ է նման լուրջ գործերի: Եվ դա հասկանալի է, որովհետև, ցավոք, այստեղից այնտեղ այնպիսի բաներ են գնում, որ ընդհանրապես չպետք է գնային: Ժամանցայինն էլ կարող է իր որակն ունենալ, բայց անորակ բաներ են գնում: Ու Հայաստանը ներկայանում է այդպես. ցույց են տալիս, որ Հայաստանում դա է կատարվում»,- ասաց Տիգրան Գասպարյանը:

Պիեսի հերոսները Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ Փաշայի և հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռներն են՝ Ջեմալն ու Անդրանիկը: Վերջինիս դերում հանդես է գալիս Տիգրան Ներսիսյանը, Ջեմալ Փաշայի թոռան դերում՝ Արմեն Մարությանը:

Նրանք հարյուր տարի անց հանդիպում են Երևանում և խոսում 1915 թվականին կատարվածի մասին: Մեկ դար անց երկու թոռների միջև բարդ ու հոգեբանական ծանր երկխոսություն է գնում, քննարկվում են ազգային հարցեր: Երկու թոռները հանդիպում են ու պարզապես զրուցում, նրանք չեն հաշտվում: Պիեսի վերջում բազմաթիվ հարցեր անպատասխան են մնում:

Արմեն Մարությանի խոսքով՝ ներկայացումը նոր լուծում, նոր առաջարկ է անում, թե հարյուր տարի անց ինչպես կարելի է շարունակել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Կարծես թե ԱՄՆ-ի հանդիսատեսին դուր է եկել առաջարկվող նոր լուծումը, քանի որ «100 տարի անց»-ը երեք անգամ էլ ներկայացվել է լեփ-լեցուն դահլիճում, և հանդիսատեսին հուզել է պիեսը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930