Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ Սուրիկ Խաչատրյանի ստեղծած անպատժելի մթնոլորտի եւ օդաչուների մասին

Հունիս 10,2015 18:13

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց արտագաղթի մասին, որ Հայաստանում ստեղծված քրեական եւ անպատժելի մթնոլորտը ստիպում է մարդկանց գնալ երկրից. «Չեն ուզում գալ, վախենում են գալ: Դուք եք նշանակել պարոն Խաչատրյանին Սյունիքի մարզպետ, մինչդեռ այդ մարդը 4 անգամ դատապարտված է եղել: Այդ մասին կան ապացույցներ, սա տեսնում են բոլորը: Վերջերս էլ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի մասնակցությամբ նորից հանցագործություն տեղի ունեցավ եւ անպատիժ են մնացել այդ մարդիկ: Հայ հանրությունն այդ ամենը տեսնում եւ գնահատում է, դրա համար են փախչում Հայաստանից, եւ գումարներն են փախչում ՀՀ-ից»:

Նա հիշեցրեց, որ Սիլվա Համբարձումյանի նկատմամբ Սուրիկ Խաչատրյանը բռնություն էր կիրառել, մինչդեռ չկա որեւէ տրամադրություն՝ պատասխանատվության նրան կանչելու:

Նա հետաքրքրվեց «Հայկական ավիաուղիների» սնանկության գործով. «Օդաչուները հաշմանդամ են դարձել, դիմել են ձեզ, դուք խոստացել եք լուծում: Ձեզանից պահանջում ենք եւ ակնկալում ենք լուծում այդ հարցի»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ օդաչուների խնդիրն իրենց էլ է հուզում. «Ընկերությունը պետք է հատուցեր օդաչուներին, անվճարունակության փուլում է գտնվում ընկերությունը: Վարչապետը հանձնարարական էր տվել, որ գտնել այլ հնարավոր ուղիներ՝ հարցը լուծելու: Այլ հնարավոր ուղիներից էր Սեւանի ափամերձ հատվածի վրա գտնել երկու հողակտոր, ներդրումային ծրագիր գտնել եւ ներդրողներ գտնել, որոնք գումարը կուղղեին այդ օդաչուներին: Իրավական ամբողջ մեխանիզմը ստեղծված է, կառավարությունը կյանքի է կոչել նախագծման աշխատանքները, որ պետք է երկու ամառային ավան կառուցել: Մենք լուրջ ռեսուրսներ ենք ծախսել այդ աշխատանքների համար»:

Նախարարն ասաց, որ չնայած գայթակղիչ առաջարկ են անում, բայց դեռեւս չեն գտել այն ներդրողներին, որոնք գումարներ կուղղեին ծրագրում եւ օդաչուների խնդիրը կլուծվեր. «Սակայն աշխատանքները շարունակվում են, նախագծերը պատրաստ են, փաթեթը, մեր կարծիքով, գայթակղիչ է»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ տարածաշրջանում ընդհանուր վատթար վիճակը բերել է ներդրումների կրճատմանը:

Զարուհի Փոստանջյանը եզրակացրեց, որ փաստորեն, օդաչուները ակնկալիք կարող են չունենալ, որովհետեւ եթե ներդրումների մասին է խոսքը, այս անպատժելիության մթնոլորտում որեւէ մեկը չի ցանկանա ներդրում անել, այն էլ՝ մեծ ծավալի:

Դավիթ Հարությունյանն էլ բացատրեց, որ ՀՀ օրենսդրությամբ, լինեն նրանք նաիրիտցիներ, թե օդաչուներ, եթե վնաս են ստացել ընկերությունից, նրանց պետք է փոխհատուցի տվյալ ընկերությունը. «Որեւէ անպատժելիության մթնոլորտի մասին խոսք անգամ լինել չի կարող: Եթե որեւէ ընկերություն անվճարունակ է, ՀՀ-ն չի կարող իր ուսերին վերցնել բոլոր ընկերություններում աշխատողների առողջությանը հասցված վնասի փոխհատուցումը: Սակայն կառավարությունը, հաշվի առնելով օդաչուների ավանդը, որոշել է ռեսուրսներ ծախսել այդ ուղղությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930