Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ՀՀ հարցերով համազեկուցողները խորհրդարանում

Հունիս 10,2015 18:07

Հունիսի 10-ին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Վահան Բաբայանը եւ Լեւոն Զուրաբյանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ:

Զեկուցողները նպատակ ունեն լսելու հայկական կողմի տեսակետներն ու կարծիքները մի շարք հարցերի, մասնավորապես ներքաղաքական իրավիճակի, խորհրդարանական գործընթացների վերաբերյալ:

Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստանը ստանձնած պարտավորություններին համահունչ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասով համագործակցում է ԵԽԽՎ-ի հետ:

Կոռուպցիայի դեմ պայքարի գործում 2014 թ. Հայաստանն ընդունել է հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգ, որի հիման վրա 2015 թ. ստեղծվել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ: Մշակվել են հակակոռուպցիոն ռազմավարություն եւ հակակոռուպցիոն ոլորտային ծրագրեր: Կառավարությունն ստեղծել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, գործում է նաեւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

Ներկայացնելով դատաիրավական բարեփոխումների մասով կատարված քայլերը՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ 2012-2014թթ. գործողությունների ծրագրում այդ ոլորտի բարեփոխումները գլխավոր տեղ են զբաղեցնում, ինչը շարունակական է նաեւ 2015-2017 թթ. գործողությունների ծրագրում: Նա անդրադարձել է Դատական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում կատարված բարեփոխումներին, նոր Քրեական օրենսգրքի ընդունման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Հերմինե Նաղդալյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Նա ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպություններն առաջարկներ են ներկայացրել: Նա տեղեկացրել է, որ հայեցակարգի վերջնական տարբերակը քննարկվելու է ԱԺ-ում:

Խոսելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից՝ տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ դա պայմանավորված էր բացառապես աշխարհաքաղաքական իրողություններով եւ բխում է ՀՀ անվտանգության շահերից: Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԵՏՄ-ին անդամակցելը չի նշանակում ԵՄ-ի հետ հարաբերությունների խզում կամ թուլացում. ԵՄ-ն եղել եւ շարունակում է մնալ ՀՀ կարեւոր գործընկերը:

Տիկին Նաղդալյանն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ԵԽԽՎ-ի բանաձեւին: Նա հույս է հայտնել, որ նման զգայուն հարցի վերաբերյալ վեհաժողովն իր սկզբունքայնությունը կպահպանի, եւ ընդունած բանաձեւերը համահունչ կլինեն ընթացող բանակցություններին: Պատվիրակության ղեկավարը կարծիք է հայտնել, որ գործընթացները պետք է շարունակվեն եւ ավարտվեն Մինսկի խմբի ձեւաչափում:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ, իր տպավորությամբ, Եվրոպայի խորհրդում սկսում է աշխատել «ստոկհոլմյան սինդրոմը»: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը դարձել է Ադրբեջանի պատանդը եւ սկսել է ջերմ զգացմունքներ տածել ԵԽ-ին պատանդ վերցրած Ադրբեջանի հանդեպ:

Արմեն Ռուստամյանն անդրադարձել է ԼՂ-ի հարցում ԵԽ-ի դիրքորոշմանը, բանակցային գործընթացում Ադրբեջանի ոչ կառուցողական քայլերին՝ նշելով, որ Ադրբեջանը ժողովրդավարացման գործընթացը կապում է բացառապես ԼՂ խնդրի գոյության հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ սառեցված հակամարտություններին, տարածաշրջանային խնդիրներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930