Լրահոս
Օրվա լրահոսը

Չարաբաստիկ կետ` Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի պայմանագրում

Հունիս 10,2015 17:54

ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բարձրացրեց մանկապարտեզների հարցը: Մտահոգություն հնչեցրեց, թե Երևանում անվերջ հերթեր են երեխային մանկապարտեզ ընդունվելու համար, այն բանից հետո, երբ մանկապարտեզները դարձան անվճար: Դառնալով մարզերին` տիկին Բիշարյանը նշեց, թե մարզերում ուշադրության կենտրոնում չեն մանկապարտեզները ու առաջարկեց պիլոտային ծրագիր իրականացնել մարզերում անվճար մանկապարտեզներ բացելու առիթով:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարեց, որ վարչապետի հանձնարարականով մանկապարտեզների հետ կապված համայնքներում մեծ աշխատանք են տանում: Այն համայնքներում, որտեղ մանկապարտեզներ կան, մնալու են և բարեկարգվելու, բայց կան փոքրիկ գյուղեր, որտեղ բնակվում է 30-40 մարդ, այնտեղ ճանապարհները պիտի ասֆալտապատել միջազգային կազմակերպությունների հետ, որ կարողանան երեխաներին փոքրիկ մեքենաներով տանել համայնքային կենտրոններ: Դառնալով անվճար մանկապարտեզների մասին առաջարկին` Արմեն Երիցյանն ասաց, որ դա կախված է համայնքային բյուջեից ու շեշտեց, որ 12 տոկոսով աճել են մանկապարտեզաշինական աշխատանքները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մինչ կառավարությանը հարց հղելը պարզաբանեց, թե հոսանքի սակագինը չի թանկացրել ԱԺ-ն ու մանրամասնեց. «Մեզ զանգում են անընդհատ, և տպավորություն է ստեղծվել, որ էլեկտրաէներգիան թանկացնում է խորհրդարանը: Խորհրդարանը ոչ մի կապ չունի, հանկարծ այնպես չստացվի, որ լսումներ կազմակերպելով մենք գիտակցում ենք այդ թանկացումը»:

ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանը հետաքրքրվեց Որոտանի ՀԷԿ-ի գործարքի վերջնական արդյունքների վաճառքի գնի մասին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Դեռ 2013-ի նոյեմբերին ՀՀ կառավարության կողմից տրվեց հավանություն Որոտանի ՀԷԿ համալիրի առքուվաճառքի վերաբերյալ: Համալիրը 85 միլիարդ 813 միլիոն է, ՀՀ դրամով է վաճառվել, վճարումը կատարվելու է երկու էտապով` 50 տոկոս հիմա և 50 տոկոս մեկ տարի հետո: 51 միլիոն եվրո էլ նախատեսված է ներդրումային ծրագրերի համար»:

Հայկ Գրիգորյանը, անդրադառնալով հոսանքի սակագնի թանկացմանը, նշեց, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի պայմանագրում կա չարաբաստիկ մի կետ ու մանրամասնեց. «Գնորդը 3-4 տարվա ընթացքում այսօրվա ՀԷԿ-ի կողմից վաճառվող 7.5 դրամ մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիան 2-3 անգամ թանկացնելու է` դարձնելով 20 դրամ, ինչը շղթայական թանկացման է հանգեցնելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930