«Թուրքիայում ապրող իսլամացած հայերին կարելի է բաժանել 2 խմբի: Մի խմբի մարդիկ հաշտվել են իրենց ճակատագրի հետ եւ չեն ուզում խոսել եւ չեն էլ ուզում, որ ուրիշները խոսեն: Սրանք իսլամացած հայեր են եւ սրանց թիվը 1970-80-ական թվականներին հասնում էր մեկ միլիոնի»,- այս մասին այսօր Հայաստանի Գրողների միությունում Թուրքիայում ապրող հայերի խնդիրների վերաբերյալ քննարկման ընթացքում ասաց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը:
Ըստ քաղաքագետի՝ երկրորդ խմբում ծպտյալ հայերն են: «Սրանք այն հայերն են, որոնք իրենց կենցաղում ապրում են որպես հայ, պահպանում են ավանդույթները, իրար ճանաչում եւ իրար մեջ են ամուսնանում: Իսկ արտաքին աշխարհում ներկայանում են որպես թուրք»:
Հայկազուն Ալվրցյանը նշեց, որ վերջին տարիներին անցկացված հաշվարկների արդյունքում պարզել են, որ Թուրքիայում ապրում են ավելի քան 3 միլիոն հայեր: «Ցեղասպանությունից փրկվածների թիվը 500-600 հազար էր: Թուրքիայի բնակչությունն այսօր 1915 թվականի համեմատ 8 անգամ աճել է եւ նույն հարաբերակցությամբ նաեւ հայերի թիվն է աճել: Բոլոր հաշվարկները մեզ բերել են, հանգեցրել են եզրակացության, որ Թուրքիայում ապրում են 3 միլիոն հայեր»:
Այս հաշվարկները, ըստ պարոն Ալվրցյանի, տարբեր աղբյուրներով հրապարակվել են. առանձին աշխատությամբ, տարբեր հեռուստահաղորդումներով եւ հոդվածներով: «Իհարկե, այս թիվը վերջնական, միանշանակ ճշմարտություն չէ. անընդհատ ճշտումներ են լինում, նոր փաստեր են ի հայտ գալիս եւ ուսումնասիրությունները շարունակվում են»:
Կարդացեք նաև
Քաղաքագետը նշեց, որ Թուրքիայում ապրող իսլամացած հայերը միայն վերջին ժամանակներս են ստացել ազատ խոսելու հնարավորություն: «Այդ հնարավորությունը տվեց այսօր Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, որը, բնականաբար իր ցանկությամբ չտվեց: Եվրամիությանն անդամակցելու համար նրանց առջեւ դրեցին 150 կետից բաղկացած մի ցանկ, որ նրանք պետք է կատարեն»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ