Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանը շնորհավորում է «չարիքի իշխանությանը» եւ Ծառուկյանին՝ վերամիավորվելու կապակցությամբ (Տեսանյութ)

Հունիս 10,2015 17:43

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հեգնեց կառավարությանը, որ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին են ուղարկում ԱԺ:

Նրա խոսքերով, երբ լիագումար նիստում պատգամավորները կառավարությանը հարց տալու հնարավորություն ունեն, կառավարությունը չարքաշ փոխնախարարներին է ուղղորդում: Բյուջեի քննարկման ժամանակ էլ հիմնական զեկուցող է ներկայացրել Ատոմ Ջանջուղազյանին, որը պարկեշտ մարդ է, բայց կառավարության որոշումներ ընդունող անձանցից չէ. «Բյուջեն եւ նրա կատարողականը քաղաքական փաստաթուղթ է, ոչ թե հաշվապահական մատյան: Այսօր վարչապետն ու նախարարներն են հարցերին պատասխանում, եւ Սահմանադրությունը նրանց համար տվել է տարընթերցումների տեղիք չտվող հստակ ձեւակերպումներ: ՀՀ Սահմանադրությունը պետք է ներողություն խնդրի մեր կառավարության անդամներից, որովհետեւ չի գիտակցում, թե ինչքան բազմազբաղ, հազար ու մի բիզնեսի տեր են մեր կառավարության անդամները: Ու հիմա փոխանակ մի կարգին օբյեկտում մի կտոր հացի շուրջ քննարկեին բիզնեսի եւ ատկատների հետ կապված հարցեր, ստիպված են ժամ ու կես անցկացնել այսպիսի մթնոլորտում»:

Իսկ Նիկոլ Փաշինյանի հարցը վերաբերում էր փետրվարյան իրադարձություններին՝ Սերժ Սարգսյանի ելույթին եւ դրա հետեւանքներին՝ կապված Գագիկ Ծառուկյանի հետ: Նա հիշեցրեց, որ վարչապետն ասել էր, մինչեւ հունիսի 5-ը Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները կավարտվեն եւ հարց ուղղեց վարչապետին՝ ի վերջո բամփեցիք, թե՞ չբամփեցիք պարոն Ծառուկյանին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Պարո՛ն Փաշինյան, ես ընդհանրապես ձեր շատ հարցերի շուրջ ձեր տեսակետի հետ համաձայն եմ, բայց որոշների հետ՝ ոչ: Դուք որեւէ դեպք չեք կարող արձանագրել, որ ինձ վարչապետ նշանակելուց հետո ԱԺ-ի նկատմամբ որեւէ անհարգալից վերաբերմունք կա: Եթե Ատոմ Ջանջուղազյանը հաշվետվություն է ներկայացնում, դա չի նշանակում, որ դա արհամարհանք է ԱԺ-ի նկատմամբ կամ պատգամավորների նկատմամբ: Ուղղակի նպատակահարմար ենք գտել, որ եթե նա պատասխանի, ավելի պրոֆեսիոնալ եւ մանրամասն կլինի, քանի որ ինքը երկար տարիների փորձ ունի»:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում ստուգումներին՝ վարչապետն ասաց, որ պլանավորել էին հունիսի սկզբին ավարտել ստուգումները, բայց ժամանակի խնդիր կա, ծավալուն գործողությունները դեռ մի քանի օր կձգձգվեն. «Երբ ավարտվի, կներկայացվի հանրությանը ստուգող մարմինների կողմից»:

Նիկոլ Փաշինյանը ափսոսանք հայտնեց, որ վարչապետը նեղություն է կրել եւ պատասխանում է պատգամավորների հարցերին. «Կարիք չկար, որ նեղություն կրեիք եւ ամբիոնի մոտ գայիք: Եթե պարոն Ջանջուղազյանը կամ որեւէ փոխնախարար դահլիճում չէր, կարող էինք կես ժամ սպասել, խնդիր չկար»:

Նիկոլ Փաշինյանը մեջբերեց, թե ինչ էր ասել Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին եւ ինչ պատասխան էր ստացել Գագիկ Ծառուկյանից. «Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք, ասել է, որ երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ ցանկանա՝ չգա: Ի պատասխան՝ պարոն Ծառուկյանը մոբիլիզացիայի կոչ է արել եւ ասել է, որ պետք է հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը՝ ազատվելու այս չարիքի իշխանությունից: Ես ուզում եմ չարիքի իշխանությանն ու չարիքի ոչ իշխանությանը շնորհավորել հունիսի 1-ին «Հայաստան» կինոթատրոնի բացման ժամանակ վերամիավորվելու կապակցությամբ»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հեգնական շնորհավորանքի՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այս մեջբերումները պետք է թողենք եւ զբաղվենք մեր երկրի զարգացմամբ. «Կառավարությունը միտված է եւ ամեն ինչ անում է, որպեսզի կոնսոլիդացնի բոլոր ուժերը, քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին՝ լծվելու այս կարեւոր գործին: Մեր նպատակն է միասին աշխատենք եւ այն բոլոր խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առջեւ, մարտահրավերներին միասին լուծում տանք: Ես ուզում եմ լինել լավատես»:

Նա Նիկոլ Փաշինյանին հորդորեց, որ նման գործերով չզբաղվի, թե ով ինչ ասաց, ինչ ավել կամ պակաս բառ ասաց, կամ մեկ օր շուտ, մեկ օր ուշ եղավ, այլ գլոբալ խնդիրներով զբաղվի եւ հույս հայտնեց, որ Փաշինյանը կառավարությանը կաջակցի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930