Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ, 1961թ. ծնված Սերժիկ Փալանդուզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մովսեսի բնակիչ Վրեժ Բադալյանի ցուլը գողանալու նպատակով նախնական համաձայնության է եկել Բերդ քաղաքի բնակիչ,1951թ. ծնված Վալերիկ Մանուչարյանի հետ:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ այդ պայմանավորվածության հաջորդ օրը՝ 2014թ. օգոստոս ամսվա ընթացքում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում գտնվող «Մահլապտան» հանդամասից գողացել են Վ. Բադալյանի ցուլը, Ս. Փալանդուզյանը եւ նրան միացած, Նավուր գյուղի բնակիչ, 1999թ. ծնված Ա. Ք.-ն ցուլն առանձնացրել են նախրից եւ այն վաճառել քննությամբ չպարզված անձի: Այդ գողությամբ Վ. Բադալյանին պատճառվել է 600 հազար դրամի նյութական վնաս:
Երեքին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Այս քրեական հոդվածը նախատեսում է 500 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ տուգանք, կամ 2-5 տարի ազատազրկում: Ս. Փալանդուզյանի եւ Վ. Մանուչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Ա. Ք.-ի նկատմամբ՝ հսկողության հանձնելը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ