Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոսկու առեւտրականները կհարկվեն ըստ սեղանիկների չափերի

Հունիս 10,2015 17:15

Կառավարությունը որոշեց առեւտրի կետերում, ոսկու շուկաներում սեղանիկների վրա թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված թանկարժեք իրերի, թանկարժեք քարերի վաճառքով զբաղվող ու մինչեւ 115 միլիոն դրամ իրացման շրջանառություն ունեցողներին այլ կերպ հարկել՚:

Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Արտոնագրային վճարների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որը էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը նիստից հետո ներկայացրեց լրագրողներին:

tarasyan

Տարասյանի խոսքերով՝ օրենքի փոփոխությամբ առաջարկվում է մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ընկերությունների համար սահմանել արտոնագրային վճար՝ Երեւանում 35 հազար դրամ այն տնտեսվարողի համար, որի սեղանիկը կլինի մինչեւ 0.7 գծամետր տարածքով, իսկ եթե լրացուցիչ չափերի կհասնի սեղանիկը, ապա ամեն 0.1 գծամետրի համար լրացուցիչ 5000 դրամ պիտի վճարի: Տարասյանի փոխանցմամբ եւ ըստ նախագծի, մարզկենտրոններում այդ գները մի քիչ նվազ են՝ նույն 0.7 գծամետրի համար՝ 25 հազար դրամ արտոնագրային վճար, եւ 3500 դրամ՝ յուրաքանչյուր ավել 0.1 գծամետրի համար։ Այլ քաղաքներում էլ 20 հազար դրամ է արտոնագրային վճարը, նույն՝ 0.7 գծամետր սեղանիկի համար եւ 2500 դրամ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար։ Սահմանամերձ վայրերում արտոնագրային վճարը կսահմանվի 0 դրամ։ Ըստ նախագծի, այլ վայրերում արտոնագրային վճարը 15 հազար դրամ է, իսկ լրացուցիչ 0.1 գծամետրի համար՝ 2000 դրամ:

Տարասյանը վստահեցրեց, որ արտոնագրային այս նոր վճարման մեխանիզմով նշված տնտեսավարողները լրացուցիչ ծախսերից ազատվում են ու ավելի պարզեցված ձեւով աշխատում:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ամբողջ Հայաստանում 1200 տնտեսվարողներ կան, որոնք զբաղվում են նշված բիզնեսով, եւ 1500 սեղանիկներ: Տարասյանն ասաց, որ այդ տնտեսվարողների շրջանառությունների իրական ծավալներն են հաշվի առել, այն է՝ 700 հազար դրամից մինչեւ 3.5 միլիոն դրամ, իսկ 35 հազար դրամ շեմը արտոնագրային վճարի սահմանված է 700 հազար շեմի 5%-ի եւ 3.5 միլիոնի 1%-ի չափով:

Տարասյանի վստահեցմամբ՝ եթե այս արտոնագրային վճարով հարկվող տնտեսվարողների շրջանառության ծավալները մեծանան, ապա նրանք կհարկվեն ավելացված արժեքի հարկով:

Նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ այս առաջարկի մշակման ժամանակ օգտագործվել են «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման փուլում կատարված հաշվարկները, տնտեսավարող սուբյեկտների շրջանում իրականացված հարցումները, Երեւանի Խորենացի փողոցում, Մալաթիայում ինչպես նաեւ Գյումրի և Վանաձոր քաղաքներում գործող ոսկու շուկաներում կատարված այցելությունների, ուսումնասիրությունների եւ հարցազրույցների տվյալները, առանձին սուբյեկտների կողմից ներկայացրած տեղեկությունների վերլուծությունները, ինչպես նաեւ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ քննարկումները:

Ըստ նախագծի հիմնավորման, այդ ոլորտում աշխատող տնտեսվարողները, հիմնականում՝ Ա/Ձ-ները, նշել են, որ հայտնի առանձնահատկությունները դժվարեցնում են փաստաթղթավորված ծախսերի հաշվառմամբ՝ շրջանառությունների հարկման կազմակերպումը. «Այս ոլորտում առեւտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մեծ մասը չի ընդդիմանում շրջանառությունից հարկման այսօրվա համակարգին, քանի որ եկամուտների եւ ծախսերի հաշվարկ (հաշվապահական հաշվառում) ըստ էության, համատարած չի վարվում, դրա փոխարեն, որպես կանոն առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կամ այլ անձի խիստ մոտավոր հաշվարկների հիման վրա (հաշվի առնելով կամ հաշվի չառնելով սուբյեկտների ՀԴՄ ֆիսկալ ցուցանիշները) կազմվում են հաշվարկ-հաշվետվությունները, ներկայացվում են հարկային մարմիններին, իսկ տնտեսվարողներին ասում են, թե ինչ գումարի հարկ վճարեն (որոշ դեպքերում հարկը ևս վճարվում է կենտրոնացված կարգով՝ ըստ առանձին ԱՁ-ների ՀՎՀՀ-ների եւ այլ վավերապայմանների):

Այս իրավիճակում տեղի չի ունենում շահերի առողջ հավասարակշռում, մասշտաբի էֆեկտը հաշվի առնելով` հարկերի վճարումը հաճախ իրականացվում է շրջանառությանը ոչ համարժեք, հարկային տեսուչները ըստ իրադրության կարող են գործ ունենալ թե ԱԻՎ կազմակերպչի, թե հաշվապահությունը փաստացի վարողի, թե սեղանիկը շահագործող ԱՁ-ի հետ: Մեր ունեցած տվյալներով շրջանառության հիման վրա հարկման ժամանակաշրջանում ԱԻՎ գործող տնտեսվարող սուբյեկտներից մուտքերը պետական բյուջե նախկինի համեմատ էականորեն նվազել են»:

Նույն հիմնավորման մեջ նաեւ մի շարք խնդիրներ է նշվում, ապա նաեւ հիմնավորում արտոնագրային շեմի չափը:

Այսօրվա կառավարության նիստին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ վստահեցրեց, որ օրենքի փոփոխությունը նպատակ ունի օժանդակել ոսկեգործությանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930