Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ապուշություն է, ամեն ապուշություն պիտի բացատրե՞նք». Արծվիկ Մինասյանը՝ Զուրաբյանին

Հունիս 10,2015 17:10

Երեկ ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր եւ նախագծի համահեղինակ Արծվիկ Մինասյանը վիճեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:  Նա Զուրաբյանի քաղաքական հայրերին մեղադրեց ընտրակեղծիքների մեջ մասնագիտացված լինելու մեջ, իսկ Լեւոն Զուրաբյանը Մինասյանին հիստերիկ վիճակ բնորոշումը տվեց:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը մեկնաբանելով այդ վեճն, ասաց. «Այն ուժերը, որոնք ժամանակին դեմ էին քվեարկել մեր նմանատիպ նախաձեռնությանը, որը հենց Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին էր, այսօր ելնում են դոշ են ծեծում, թե ինչու չի իրացվել «Հանրաքվեի մասին» օրենքում: Սա աբսուրդ է: Գնացեք 2011-ի մարտ ամիս, երբ ներկայացվում էր ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի խմբակցությունների համատեղ նախաձեռնությունը՝ Ընտրական նոր օրենսգրքի մասին: Մենք, որպես այլընտրանքային նախագիծ, շրջանառության մեջ էինք դրել ԸՕ նոր փոփոխությունների տարբերակ, որով առաջարկում էինք հրապարակել ցուցակները, իրականացնել տեսաձայնագրում եւ բազմաթիվ այլ բաներ՝ ներառյալ նաեւ անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Նայեք քվեարկության արդյունքները՝ մեր նախագծին կողմ է քվեարկել բացի ՀՅԴ-ից Տիգրան Թորոսյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ եւս 2-3 պատգամավոր: Դեմ են քվեարկել ընդգծված հատկապես ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Հիմա այսքանից հետո ես ի՞նչ կարող եմ ասել»:

Մեր դիտարկմանը, որ Լեւոն Զուրաբյանն ասում է՝ Դուք կեղծում եք իր խոսքերը՝ անվճար եթերաժամի հետ կապված, ինքը չի ասել, որ 50 տոկոս անվճար եթերաժամը տվեք ՀԱԿ-ին, ընդ որում, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ի բոլոր առաջարկները աշխատանքային քննարկման ժամանակ քննարկվել են, եւ Դուք դեմ չեք եղել իրենց առաջարկին՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Մենք հիմա էլ դեմ չենք, իրացրել ենք այդ առաջարկը, պարզապես խմբակցությունների մակարդակով ենք իրացրել, հիմա ինչն է մտահոգում իրեն՝ չգիտեմ: Այսինքն, դրական ձեռքբերումը իրենք փորձում են վերագրել ինչ-որ խմբերի, բայց չեն ուզում ընդունել, որ դա արդյունք է, դրական արդյունք: Ի վերջո, եթե այս փոփոխությունները չլինեին, իրենք սա էլ չէին ունենա, չէ՞: Մենք, որպես ընդդիմություն, փորձել ենք եւ կարողացել ենք ինչ-որ բան տեղից շարժել: Փոխանակ օգնեին մեզ, փորձում են հարվածել մեզ, կարծես իրենց թշնամիները կամ հակառակորդները մենք ենք, այստեղ է իր սխալը»:

Դիտարկմանը, որ Լեւոն Զուրաբյանն ասում է, երբ որ արդարության սկզբունքը չի պահպանվում, իրենք չեն կարող կողմ լինել այդ նախագծին՝ Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Ո՞րն է այդ արդարության սկզբունքը, որ ՀԱԿ-ին տանք 50 տոկոս անվճար եթերաժամանակ, դա՞ է իրենց արդարության սկզբունքը: Մնացած բացատրությունն իրենց մեկնաբանությունների տիրույթում է, որը մեկնաբանել ես ամենեւին ոչ ցանկություն, ոչ տրամադրություն ունեմ»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ ասել էր, որ իշխանությունները Դաշնակցության ձեռքով փորձում են Հանրաքվեի օրենքը այնպիսին դարձնել, որը կհեշտացնի իշխանության համար հանրաքվեի կեղծումը՝ հօգուտ «այո» դիրքորոշման»: Մեր հարցին՝ Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ Դուք բոլոր առաջարկությունները համաձայնեցնում եք իշխանության հետ՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Դե ապուշություն է, էլի, ես էլ էդ եմ ասում: Ամեն ապուշություն պիտի բացատրե՞նք: Մենք, որպես ընդդիմություն, երբ փորձում ենք քայլ կատարել, մի փոքր գոնե ընդդիմության դիրքը ուժեղացնենք, մեծացնենք, միանգամից մեզ մեղադրում են իշխանության հետ համագործակցության մեջ: Անհասկանալի է, թե իրենք ինչի համար են առհասարակ գործում: Ինձ համար անհասկանալի է: Ախր հո իր ասելով չի, հիմա ինքը ասում է, որ մածունը սեւ է, ուրեմն սե՞ւ եղավ մածունը: Ակնհայտ է, չէ՞»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930