Այսօր ԱԺ-ում են եղել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը: Նրանք հանդիպումներ են ունեցել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ԲՀԿ-ի:
Ինչպես տեղեկացրել ենք, ԲՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ համազեկուցողները հետաքրքրվել են փետրվարյան իրադարձություններից եւ քաղաքականությունից դուրս գալու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից:
Մեր տեղեկություններով՝ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը ցանկացել են հանդիպումներ ունենալ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների հետ: Մասնավորապես, փորձել են հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ: Սակայն երեքն էլ մերժել են համազեկուցողներին եւ չեն հանդիպել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ